Երեկ Գրողների միությունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանձնեց 2020 թվականի մրցանակաները՝ շեշտելով, որ ամեն տարի ընտրվում են լավագույն ստեղծագործությունները տարբեր անվանակարգերում մրցանակաբաշխության ներկայացված գրքերից․ - «Պատահական անուններ չեն լինում այդ շարքում, ամենահարգի մրցանակաբաշխությունն է Պետական մրցանակից և Նախագահի մրցանակից հետո։ Բայց գրական մեր մթնոլորտում իսկապես լավագույններն են արժանանում այս մրցանակներին։
Եվ այսպես, 2020 թվականի մրցանակակիրներն են․ Հենրիկ Էդոյանը՝ Իսահակյանի անվան պոեզիայի անվանակարգում («Էլեգիկ մտորումներ» գրքի համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան արձակի անվանակարգում՝ Դավիթ Սարգսյանը («Առաջնորդը. Ալֆան և Օմեգան» վեպի համար), Լևոն Շանթի անվան դրամատուրգիայի անվանակարգում մրցանակի է արժանացել Ռուզան Ասատրյանը («Տիգրան Մեծ: Արծիվների տիրակալը» պիեսի համար), Նիկոլ Աղբալյանի անվան գրականագիտության և գրաքննադատության անվանակարգում մրցանակը հանձնվեց Սուրեն Աբրահամյանին («Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գիտական աշխատության համար), Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը թարգմանության անվանակարգում հանձնվեց Աշոտ Ալեքսանյանին (Հերման Հեսսեի «Դուրսը և ներսը» գրքի համար), Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան կողմից սահմանված Վազգեն Սարգսյանի անվան մրցանակն էլ հանձնվեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին:
Մրցանակակիրներից յուրաքանչյուրն իրենց խոսքում կարևորեցին իրենց աշխատանքի գնահատականը, հատկապես այս ծանր օրերում:
Հենրիկ Էդոյանն ընդգծեց. – «Մանավանդ էս մռայլ իրականության մեջ, երբ մեր ժողովուրդ գտնվում է հոգեկան տրանսի մեջ, էսպիսի բաները նշանակություն ունեն»։
«Պարտավորեցնող է», - ասաց արձակագիր Դավիթ Սարգյանը։ - «Հատկապես Դերենիկ Դեմիրճյանի անունը կրող մրցանակը։ Պիտի փորձենք էս դժվարին ժամանակներում, երբ խոսքը, հատկապես գրավոր խոսքը լուրջ խութերի միջով պիտի անցնի և հաղթահարի բավական և՛արհեստածին, և՛ բնական դժվարություններ, ուրախ կլինեմ, որ գրողական խոսքը հասնի ընթերցողին։ Ամենակարևորը որոշ չափով հասարակության, ժողովրդի մեջ հույսեր արթնացնելն է և ասելը, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում․․․ Ինչո՞ւ եմ շեշտը դնում հասարակության վրա։ Որովհետև վեպը հիմնականում քաղաքական երգիծանքի բնույթ է կրում, ինչպես ասում են՝ ամեն ինչ շատ ավելի ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ»։
Թարգմանիչ, դիվանագետ Աշոտ Ալեքսանյանն ասաց․ - «Չնայած էս ծանր ժամանակներում, ամեն դեպքում, ինքնագնահատանքի, ընթերցողական շրջանակների հետ շփումների առումով շատ կարևոր է, որ մարդը գիտակցի իր կատարած աշխատանքի արժեվորումը։ Չնայած մենք սա արել ենք և անում ենք մի նպատակով․ Հեսսեի էս գրքերը էն սնուցանող աղբյուրն են, որտեղ մարդ կարողանում է մտածել զուգահեռ իրականությունների գոյության մասին, ինչի մեջ մենք այսօր գտնվում ենք, և ինչ ելքեր է նա նախանշում»։
Հանդիսության ավարտին Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց, որ փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը կկայանա մեկ այլ մրցանակաբաշխություն՝ հայկական բանակին, հայ զինվորին ու սպային նվիրված ստեղծագործությունների համար: