Իրանը սկսել է մետաղական ուրան արտադրել

Իրան - Ղոմի միջուկային օբյեկտը, արխիվ

Իրանը սկսել է մետաղական ուրանի արտադրությունը, այս մասին Associated Press-ին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

Մետաղական ուրանի արտադրությունը, որն օգտագործվում է ատոմային ռումբի համար, արգելված է 2015 թվականի միջուկային գործարքով։ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Իրանի միջև ստորագրված այդ փաստաթուղթը սահմանափակում է Թեհրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև սպառազինության առքուվաճառքը՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների թուլացման դիմաց։

2018 թվականին Վաշինգտոնը միակողմանի խզել է պայմանագիրը՝ հարուցելով գործարքի մյուս մասնակիցների քննադատությունը։ Թեհրանը ի պատասխան հայտարարել է իր պարտավորությունները փուլ առ փուլ կրճատելու մասին։

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել քննարկել գործարքին Վաշինգտոնի անդամակցությունը վերականգնելու հնարավորությունը։