Հակաբանակային ցույցերը Մյանմայում շարունակվում են հինգերորդ օրն անընդմեջ

Զինվորականների կողմից իշխանության զավթման դեմ բողոքի ակցիաները Մյանմայում (նախկին Բիրմա) շարունակվում են՝ սոցիալական նորանոր խմբեր ընդգրկելով։

Այսօր երկրի տնտեսական մայրաքաղաք Յանգոնի փողոցներ էին դուրս եկել բուդդայական հոգևորականության ներկայացուցիչները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել երկրի նախկին քաղաքացիական ղեկավար՝ Պետական խորհրդական, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Ջիին, ինչպես նաև հրավիրել նոյեմբերին ընտրված խորհրդարանի առաջին նիստը։

Կայահ նահանգում նույն պահանջով բողոքի ակցիա են իրականացրել ոստիկանության աշխատակիցները։ Իրավապահները փողոց էին դուրս եկել «ոչ բռնապետությանը» կարգախոսներով։

Կրքերը Մյանմայում կտրուկ կերպով թեժացան նախօրեին մայրաքաղաք Նայպիդոյում տեղի ունեցած բախումներից հետո, որոնց ընթացքում ուժային կառույցները հրազենից կրակ էին արձակել ցուցարարների ուղղությամբ՝ ակցիայի մասնակիցներից առնվազն մեկի ծանր վիրավորման պատճառ դառնալով։ Մյանմայի զինված ուժերը իշխանությունը վերցրել էին նախորդ շաբաթասկզբին՝ երկրի իշխող «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությանը մեղադրելով նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ։