«Խաչատրյան տրիոն» իր համերգային գործունեությունը Հայաստանում և արտերկրում ծավալում է արդեն 20 տարուց ավելի ժամանակահատվածում: Տրիոյի կազմում են հիմնադիր անդամները՝ անվանի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը:
Փետրվարի 10-ին Արամ Խաչատրյանի թանգարանում կկայանա տրիոյի այս տարվա առաջին համերգը, որին սակայն թավջութակահար Կարեն Քոչարյանը չի կարող մասնակցել, քանի որ գտնվում է Չինաստանում: Նրան կփոխարինի երիտասարդ թավջութակահար Արտյոմ Իոննիսյանը: Կհնչեն Դվորժակի, Բեթովենի և Ալեքսել Շորի ստեղծագործությունները, «Ազատության» հետ զրույցում ասաց Արմինե Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ բոլորիս հասկանալի պատճառներով եռյակի վերջին համերգները տեղի են ունեցել անցյալ տարի փետրվարին, երբ Ռուսաստանում և Մերձբալթյան երկրներում ունեցած մեկամսյա հյուրախաղերի ընթացքում տրիոն հանդես է եկել 17 համերգով:
«Բավականին երկար դադարից հետո «Խաչատրյան տրիոն» վերադառնում է իր համերգային գործունեությանը, և փետրվարի 10-ին տեղի կունենա առաջին համերգը։ Այդ համերգը իրականություն դարձավ Կոնստանտին Իշխանովի աջակցությամբ և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի մասնակցությամբ։ Շատ ուրախալի է, որ մենք կարող ենք նորից վերադառնալ համերգային գործունեությանը։ Սա սկիզբն է։ Մարտ ամսին նախատեսվում է համերգային շրջագայություն ռուսաստանյան մի շարք քաղաքներով», - նշեց Գրիգորյանը։
Այդ հյուրախաղերի ընթացքում նախատեսված է 11 համերգ, որոնց կհաջորդեն համերգներ նաև Հայաստանում:
Արմինե Գրիգորյանը հույս ունի, որ այս տարին առավել բարեհաճ կլինի թե՛ արվեստագետների, թե՛ առհասարակ մեր ժողովրդի հանդեպ․ - «Դժվար է նույնիսկ համեմատել նախորդ տարվա հետ, որովհետև նախորդ տարին բոլորիս համար մի մեծ կանգառ էր։ Ե՛վ հոգեբանական շատ ծանր ապրումներ բոլոր երաժիշտները ունեցան, և՛ ընդհանրապես, որպես պրոֆեսիոնալ երկարատև դադարը գործունեության իհարկե շատ ցավալի է։ Չենք կարող ոչինչ կանխագուշակել, բայց հուսանք, որ այս տարի մենք կարող ենք ինչ-որ չափով վերադառնալ մեր սովորական կյանքին։ Իհարկե, շատ դժվար կլինի, բայց մշակույթի գործիչների համար դա հատկապես կարևոր է, որովհետև կարող ենք ասենք, որ մեր մնացած հայրենակիցների համար մենք պետք է ինչ-որ չափով նաև ուղեցույց լինենք, կամ կարողանանք այն վերքերը, որոնք ունենք, ինչ-որ չափով բուժել նաև արվեստի, մշակույթի դարմանով։ Արդեն հունվար ամսից բավականին աշխուժացել է համերգային աֆիշան ոչ միայն տուն-թանգարանում, այլ նաև ֆիլհարմոնիայում, օպերային թատրոնը սկսել է գործել, և ընդհանրապես բոլոր երաժիշտները սկսել են ավելի ակտիվ գործունեություն վարել»։
Որպես Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն անդրադառնալով թանգարանի աշխատանքին՝ Արմինե Գրիգորյանը շեշտում էր․ - «Անցյալ տարի մենք ամբողջությամբ անցել էինք առցանց աշխատանքի։ Մենք ամեն օր աշխատանքի մեջ ենք եղել, նույնիսկ հրատարակել ենք մի քանի ժողովածուներ։ Այսինքն՝ արվել է այն ամենը, ինչը կարելի էր այդ պայմաններում իրականացնել։ Սկսած դեկտեմբեր ամսից մենք վերադարձել ենք մեր սովորական աշխատանքային ձևաչափին․ ընդունում ենք այցելուներ, միջոցառումներ ենք անցկացնում։ Որոշ սահմանափակումներով, բայց կյանքը այդ առումով վերադառնում է իր բնականոն ռիթմին։ Շատ ենք աշխուժացրել նաև մեր կրթական ծրագրերը, որտեղ ընդգրկում ենք ոչ միայն մեր հայրենակիցներին, այլ նաև կրկին մեր հայրենակիցներին, բայց Արցախից, որոնք այս պահին բնակվում են Հայաստանում, Երևանում։ Փորձում ենք փախստական ընտանիքների երեխաներին նույնպես սատարել և ընդգրկել մեր կրթական ծրագրերում»։