2020-ին գյուղոլորտում ՀՆԱ-ի 1.4 տոկոս աճ է գրանցվել․ վարչապետին են ներկայացվել 2020-ի արդյունքները, 2021-ի ծրագրերը

2020-ին գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել, այսօր հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Ըստ վարչապետի գրասենյակի, խորհրդակցությունը գյուղատնտեսական տարվա 2020-ին արձանագրված արդյունքների և 2021-ին նախատեսված ծրագրերի վերաբերյալ էր:

Խոջոյանը, վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի տվյալները, նաև նշել է, որ 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հա, ոռոգելի հողատարածքների թիվը՝ 155,000:

Փոխնախարարի խոսքով՝ պետական օժանդակության ծրագրերի շարքում՝ 2020-ին մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 295 միավոր գյուղտեխնիկա, գրեթե կրկնակի աճել է շահառուների թիվը: Շոշափելի աճ է արձանագրվել ինտենսիվ այգեգերծության ծրագրի շրջանակում. 2019-ի 53.2 հա համեմատ 2020-ին ինտենսիվ այգիների ծավալն ավելացել է գրեթե 10 անգամ՝ կազմելով 518.6 հա, շահառուների թիվը 17-ից հասել է 53-ի:

Ընդգծելով, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրության աճ կա՝ Խոջոյանն ասել է, որ 2021-ին Ագրարային համալսարանում կիրականացվեն ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ:

Ըստ փոխնախարարի, գյուղապահովագրության ծրագիրն իրականացվել է 6 մարզում, ներառել է 2 մշակաբույս, 2021թ. նախատեսվում է ապահովագրման ենթակա մշակաբույսերի թիվը հասցնել 11-ի և ծրագիրն իրականացնել բոլոր մարզերում:

Արդյունավետ ընթացք է արձանագրել տոհմային անասնաբուծության և անասնապահության ծրագիրը․ 2020-ին կառուցվել է 20 խելացի անասնաշենք, կնքվել է 35 պայմանագիր, որոնք իրականացման փուլում են: Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, փետրվարի 15-ից այն հասանելի կլինի նաև Սյունիքի մարզում: Կատարվել են կենդանիների պատվաստման հակահամաճարակային միջոցառումներ և համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքներ:

Անդրադառնալով մթերման գործընթացին՝ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ 2020-ին մթերվել է 98000 տ պտուղ-բանջարեղեն, որը 11000 տ ավելի է նախորդ տարվանից:

Տեղական գինիների արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է 2021-ին Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ և օնլայն հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ողջ Եվրոպայում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, ասել է Խոջոյանը:

Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում: Փոխնախարարի խոսքով՝ վերամշակման և արտահանման ոլորտներին օժանդակելու նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում ռուսաստանյան 3 սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ՝ Հայաստանում ներկայացուցչություն, լոգիստիկ կենտրոն բացելու և դրա միջոցով տեղական արտադրանքի ուղիղ արտահանումն այդ սուպերմարկետներ կազմակերպելու նպատակով:

Խոջոյանն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով 2020-2021թթ. 57 վերամշակող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որոնց շրջանակում աջակցություն կտրամադրվի արտադրական կարողությունների վերազինմանը/սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը։

Ինչ վերաբերում է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերին, ապա 2020թ., 2019թ. համեմատ, վարկերի քանակը աճել է ավելի քան 4 անգամ, վարկային պորտֆելի ծավալը՝ գրեթե 2 անգամ:

Վարչապետին զեկուցվել է նաև արոտների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման 2020թ. արդյունքների և առաջիկա աշխատանքների մասին. ՀԲ վարկային միջոցներով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կառուցվել է «Անասնաբուժական սպասարկման կենտրոն», Ագրարային համալսարանի անասնաբուծության ֆակուլտետի լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով, 8 համայնքում ավարտվել է արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարությունը: 2021թ․«Անասնաբուժական սպասարկման կենտրոն» կկառուցվի Լոռու մարզի Թումանյան համայնքում, 11 համայնքում կիրականացվեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինաշխատանքներ, նախատեսվում է 70 համայնքում կառուցել կենդանիների հավաքատեղիներ, որոնք ծառայելու են կենդանիների համարակալմանը և պատվաստմանը:

Խոջոյանը նշել է, որ 2021-ի համար նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շարունակականություն, և վերոնշյալ ծրագրերը, արձանագրված ռիսկերի գույքագրումից և բարելավումից հետո, շարունակում են իրականացվել: Առաջիկայում կներկայացվի նաև Հայաստանում գարնանացան հացահատիկային հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրական դինամիկա և արդյունավետություն արձանագրած ծրագրերի հետևողական իրականացումը և նշել, որ ռազմավարական նշանակության որևէ ծրագիր պետական աջակցության շրջանակից չպետք է դուրս մնա:

Վարչապետը հետաքրքրվել է ջրօգտագործման ոլորտում ընթացիկ իրավիճակից: Զեկուցվել է ջրային համակարգի բարեփոխման ընթացքի, համակարգի առողջացման նպատակով կառավարության կողմից իրականացված մարումների շնորհիվ ՋՕԸ-երի կուտակած պարտքի կառավարման մասին: Այս համատեքստում քննարկվել են համակարգի ծախսարդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ջրօգտագործման գործընթացի պլանավորման ճշգրտությունը բարձրացնելու, ջրի կորուստները նվազագույնի հասցնելու, ՋՕԸ-երի կուտակած պարտքերի մարման գործընթացի համակարգային լուծման տարբերակներ և ներկայացնել քննարկման: