ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Թրամփի իմփիչմենթի գործընթացը շարունակելուն

ԱՄՆ - Սենատը քննարկում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցը, Վաշինգտոն, 9-ը փետրվարի, 2021թ.

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Սենատի անդամների մեծ մասը կողմ են քվեարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի գործընթացը շարունակելուն՝ համաձայնելով դեմոկրատների այն փաստարկին, որ Սահմանադրությամբ թույլատրվում է նախագահի իմփիչմենթը, ով այլևս չի պաշտոնավարում և մասնավոր անձ է հանդիսանում:

Թրամփի փաստաբանները պնդում էին, որ Սենատն իրավական լիազորություն չունի քննարկելու նախկին նախագահի իմփիչմենթի գործը:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներն իմփիչմենթի էին ենթարկել Դոնալդ Թրամփին պաշտոնաթող լինելուց մի քանի օր առաջ՝ նրան մեղադրելով ապստամբություն հրահրելու մեջ:

Երեկ չորս ժամ տևած քննարկումներից հետո, որոնց ընթացքում երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց փաստարկները, Սենատում քվեարկության է դրվել գործընթացի սահմանադրականության հարցը: Գործընթացը շարունակելու համար պահանջվում էր պարզ մեծամասնություն: Արդյունքում՝ 50 դեմոկրատ և 6 հանրապետական սենատորներ ճանաչել են իմփիչմենթի սահմանադրականությունը, հանրապետական 44 սենատորներ դեմ են քվեարկել: