Ըստ իրավապաշտպանի՝ «Փաշինյանը պատրվակ էր փնտրում արտահերթից հրաժարվելու համար. հասկացան՝ վստահության քվեի կեսն էլ չեն ունենա»

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, արխիվ

Եթե հետպատերազմական այս լարված փուլում արտահերթ ընտրություններ չանցկացվեն, Հայաստանը չի կարողանա հաղթահարել լրջագույն խնդիրներ, համոզված է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Ոչ բավարար լեգիտիմություն ունեցող իշխանության պայմաններում, այո, մեզ կարող են պարտադրել սուվերենության կորուստի գնալ, սա լուրջ խնդիր է առաջացնում գլոբալ առումով Հայաստանի անվտանգության հարցերում», - նշեց իրավապաշտպանը։

Իշխանությունն արտահերթ ընտրությունների էջն այս փուլում փակում է։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատճառաբանում է, թե խորհրդարանական ընդդիմությունը դրական չարձագանքեց Փաշինյանի այս առաջարկին՝ իշխանության հետ չնստեց մեկ սեղանի շուրջ հարցը քննարկելու։

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շարունակում է մեղադրել ընդդիմությանը. «Ասում ենք՝ եկեք, նստենք քննարկենք ու այդ առաջարկին ի՞նչ հետևեց, որ ընդդիմադիր գործիչները մեկը մյուսին հերթ չտալով եկան և դա մեծ հաշվով մերժեցին»։

Արտահերթի էջը փակելու իշխող ուժի քայլը դատապարտել են մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնք հեղափոխության ժամանակ սատարել են Փաշինյանին։

Քաղաքացիական հասարակությունը պահանջում է, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը գիտակցի պետության և քաղաքացու շահն ու վերադառնա արտահերթ ընտրությունների օրակարգին։

«Իմ քայլը» միանձնյա ընտրություններ չէր կարող օդի մեջ անել, երբ որ ընդդիմությունը կպահանջի այդ ընտրությունը, մենք դա կքննարկենք», - նշեց Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմության հետ համաձայնության չգալը պատրվակ է, կարծում է իրավապաշտպան Կարապետյանցը։ Եթե վարչապետ Փաշինյանը ցանկանար, կաներ առանց որևէ ուժի կարծիքը հաշվի առնելու, ինչպես վարվել է շատ դեպքերում. «Գրեթե համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատճառ էր ման գալիս չիրականացնելու արտահերթ ընտրություններ և պատճառները գտավ նրա մեջ, որ իբր ինչ-որ հարցի շուրջ համաձայնության չեն եկել։ Եթե ուզենար անցկացնել արտահերթ ընտրություններ, կանցկացնեին, ինչպես արել են բազմաթիվ գործողություններ, որոնք առանձնապես ոչ մեկի կարծիքն էլ չեն հարցրել՝ ո՛չ լայն հանրության շերտերի, ո՛չ նեղ հանրության շերտերի»։

Փաշինյանն ու թիմակիցները փակ հանդիպման ժամանակ նաև որոշել են, որ հանրության լայն շրջանում չկա արտահերթ
ընտրությունների պահանջ, հետևաբար շարունակելու են աջակցել վարչապետին։ Իշխանության հետքայլից հետո չեն դադարում հարցերը՝ ինչպե՞ս են որոշել, որ հանրության լայն շրջանակը իշխանության կարծիքին է։ Եթե կան այդպիսի հարցումներ ինչո՞ւ չեն հրապարակում։

«Ասեմ՝ ինչի ենք մտածում, որ նման պահանջ չկա, որովհետև այս ընթացքում բացի քաղաքական ուժերին առաջակ անելուց, մեր պատգամավորները, մեր պաշտոնյաները մարդկանց հետ են հանդիպել և պահանջ կա այլի, պահանջ կա, ասում են՝ գնացեք գործ արեք, գնացեք թավիշը վերացրեք, գնացեք էս նախկիններից մեզ ազատեք, մենք ձեզանից դրանից ավելի ուզելու բան չունենք», - ասաց ԱԺ փոխխոսնակը։

«Իրենք չեն կարող ապրիորի հայտարարել, որ իրենք ունեն բացարձակ այսպիսի մեծամասնություն ու լայն շերտերի հավանություն, ուրեմն Նիկոլ Փաշինյանը միանձնյա արդեն որոշել է, որ այլևս ընտրությունների կարիք չկա», - նշեց Նինա Կարապետյանցը։

Հանրության լայն զանգվածների անունից իշխանության վստահեցումները կարող էին արժանահավատ լինել, եթե հրապարակեին հետազոտություններ, ասում է Նինա Կարապետյանցը, բայց այսպիսի արդարացումներով նահանջելու պատճառն ուրիշ է։

«Իրենք հասկացան, որ իրենք չեն ստանալու այն քվեն, որը ստացել են ժամանակին, չեն ունենալու անգամ կեսը, ես վստահ եմ՝ անգամ քառորդը վստահության քվեի չէին ստանալու այս գործող իշխանությունները», - ընդգծեց իրավապաշտպանը։

«Չբացառելով, որ «Իմ քայլի» և մնացած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշն իջել է, այնուամենայնիվ, պնդում եմ, որ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը», - նշեց Սիմոնյանը։

Իրավապաշտպանի տպավորությամբ՝ իշխանությունն ընտրապայքարը տեղավորում է իր և նախկինների բևեռում՝ այդպիսով պետության շահի մասին մտահոգ ուժերին և քաղաքացիներին զրկելով ընտրության հնարավորությունից. «Շատ հեշտ է պայքարել ապիկար իշխանությունների դեմ և շատ հեշտ է պայքարել փաստացի մերժված նախորդ իշխանությունների դեմ, բայց սա իրականություն չէ, իրականությունը նրա մեջ է, որ մեր հասարակության մեջ գոյություն ունեն այլ ուժեր և կարող է ստեղծվել, և բոլոր հիմքերը կա պնդելու, որ մենք ունենալու ենք առողջ ուժերի բևեռը։ Իրենք կառչած են իրենց աթոռներից, սա շատ ցավագին է, որևէ մեկը չի մտածում Հայաստանի Հանրապետության պետական շահի մասին, անվտանգության շահի մասին»։