Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ, 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց Լիլիթ Թադևոսյանին։ 42-ամյա Թադևոսյանը 2018 թվականից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է:

Մինչ քվեարկությունը մի քանի ժամ խորհրդարանը քննարկում էր նրա թեկնածությունը, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին առաջադրել էր Բարձրագույն դատական խորդուրդը։ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր դարձավ, երբ նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը անցած սեպտեմբերին ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

Իր ելույթում Թադևոսյանը նշեց, որ դատավորների ծանրաբեռնվածությունը դատական իշխանության առաջնային խնդիրներից է, որ պետք է լուծվի, խոսեց դատական իշխանության անկախությունից՝ շեշտելով, առանց դատարանների և դատավորների անկախության՝ խոսք չի կարող լինել արդարադատության մասին։

«Անկախությունը, ինքնուրույնությունը դատական իշխանության անօտարելի հատկանիշներն են, որին պետք է նպաստեն իշխանության բոլոր թևերն ու հասարակության բոլոր շերտերը, ինչը բխում է իրավունքի գերակայության և այն անձանց շահերից, որոնք օգտվում են արդարադատությունից և ակնկալում են ստանալ այնպիսի վերջնական լուծումներ, որոնք ամփոփված կլինեն արդարադատության բովանդակված դատական ակտերում», - ասաց Թադևոսյանը։

Մինչ Լիլիթ Թադևոսյանի ելույթն ու հարցուպատասխանը, նրան Ազգային ժողովում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ստեփան Միքայելյանը։ Պատգամավոր Արման Բաբաջանյանը հետարքրքվեց՝ ինչո՞ւ դա չի անում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Անցյալ երկուշաբթի օրը, ողջ-առողջ դատական խորհրդի նախագահը եկել է աշխատանքի՝ մինչև ուրբաթ ներառյալ, հանկարծ մեկնել է արձակուրդ։ Ի՞նչ է պատահել Ռուբեն Վարդազարյանին, ինչո՞ւ է նա փախել այսօրվա նիստին մասնակցությունից և ինչո՞ւ եք Դուք համաձայնել ներկայացնել այստեղ այս շատ կարևոր քննարկման առարկա Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածությունը», - հարցրեց Բաբաջանյանը։

Ստեփան Միքայելյանը պատասխանեց՝ Թադևոսյանի թեկնածությունը ներկայացնելն իր համար պատիվ է, իսկ Ռուբեն Վարդազարյանի բացակայությունն առողջական խնդիրների հետ է կապված։

«Ես չգիտեմ ինչքանո՞վ եք տեղյակ, թե՞՝ չէ, բայց նա հեծանիվ վարելու ընթացքում վնասվել է և պարբերաբար ողնաշարի հատվածում բժշկական միջամտությունների կարիք է զգում՝ պրոֆիլակտիկ», - նշեց Միքայելյանը։

Արման Բաբաջանյանը նաև հարց ուղղեց Լիլիթ Թադևոսյանին՝ խնդրեց գնահատել դատական իշխանության վերջին ամիսների գործունեությունը։ Պատգամավորի կարծիքով, «դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից և քաղաքացուց և վերածվել է քաղաքական շահերով միավորված խմբի»։ Պատգամավորը հիշեցրեց, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը։

«Մասնավորապես՝ ուզում եմ կանգ առնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 15-ին արված խայտառակ քաղաքական հայտարարությունը և այն իրողությանը, որ դատավորներից և ոչ մեկը, այդ թվում և Դուք, Բարձրագույն դատական խորհրդի որևէ անդամ ծպտուն չի հանել և վերաբերմունք չի ունեցել այդ հայտարարության վերաբերյալ։ Համակարծի՞ք եք եղել այդ հայտարարությանը, եթե՝ ոչ, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Ձեր լռության պատճառը», - հարցրեց Բաբաջանյանը։

«Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությանը, ապա, պարոն Բաբաջանյան, կարծում եմ՝ ես չեմ այդ հարցի հասցեատերը։ Ինչ վերաբերում է վերջին շրջանում դատական իշխանության գործողությունների և այլնի հետ կապված դիտարկմանը, յուրաքանչյուր դատավոր կարող է իր փոխարեն պատասխան տալ», - արձագանքեց Թադևոսյանը։

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուից կոնկրետ դիրքորոշում և գնահատականներ էին ակնկալում նաև «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ, Լիլիթ Թադևոսյանը, սակայն, գնահատականներ չհնչեցրեց, հիշեցնելով՝ ինքը դատական համակարգի ներկայացուցիչ է և խորհրդարանական ամբիոնի մոտ հնչեցրած ցանկացած կարծիք կամ գնահատական կարող է հետագայում իրեն կաշկանդել՝ արդարադատություն իրականացնելիս։

«Եթե ես այսօր չխուսափեմ, ինչպես դուք եք ասում, ձեր հարցերին պատասխանելուց, ես վաղը պետք է խուսափեմ այդ գործով արդարադատություն իրականացնելուց, իսկ ես այստեղ դրա համար չեմ կանգնած։ Արդարադատությունն այստեղ չէ վճռվելու, այստեղ չէ որոշվելու», - ընդգծեց նա։

Լիլիթ Թադևոսյանի այս դիրքորոշումը ողջունեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Դուք պաշտպանում էիք դատական իշխանության անառիկությունը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս Թադևոսյանի ելույթից և հարցերին պատասխաններից դրական տպավորություն ուներ. «Պատգամավորն ուզում է, որ քաղաքական պրոցեսների վերաբերյալ դատավորը գնահատականներ տա թիվ մեկ ամբիոնից, ընդ որում քիչ չէ գնահատականներ տա, այլ այդ գնահատականներն անպայման համընկնեն իր ձևակերպած բառամթերքին, բայց խորհրդարան է, լինում է, պետք է լինի, կարծում եմ»։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց. «Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, գերագույն դատարանի ձևավորումից ի վեր, հնարավորություն կա, որ բարձրագույն դատական ատյանի նախագահի պաշտոնը կին ստանձնի և իմ կարծիքով, եթե մենք ուզում ենք հեղափոխական փոփոխություններ, մենք այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք»։