Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության, Պետրոսյանը կարևորել է «Սևան» ազգային պարկում մինչև պատերազմը մեկնարկած բարեփոխումների գործընթացները և ընթացիկ ծրագրերի շարունակականության անխափան ապահովումը։
Մասնավորապես, ըստ Պետրոսյանի, պետք է վերլուծել արդյունքները և, եթե կարիք կա, վերանայել ու փոփոխությունների ենթարկել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, դրա կազմակերպման, լիցենզավորման և վերահսկողության կարգը։ Նախարարի համոզմամբ, այստեղ խիստ կարիք կա վերահսկողական գործառույթի ուժեղացման և հատվող շահերը փոխզսպող գործիքակազմի կիրառության։
Ռոմանոս Պետրոսյանը նաև ընդգծել է՝ պետք է աշխատանքներ տանել ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման, շինաղբի տեղափոխման, ինչպես նաև ջրածածկ տարածքների մաքրման ուղղությամբ, առավելագույնս հավաքել ապառքերը և կարգավորել լճի ափամերձ տարածքների վարձակալման իրավունքների տրամադրման կարգը։
Նախարարն ընդգծել է՝ որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի սահմանված չափանիշներին համապատասխան ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան և չստեղծի աշխատատեղեր։
«Մեր գործունեության արդյունավետությունը շեշտակի բարձրացնելու կարիք կա։ Խնդիր ունենք «Սևան» ազգային պարկը» ինստիտուցիոնալ առումով կայացնելու, Սևանա լճի ավազանի պետական հսկման տարածքներում կարգուկանոն հաստատելու և մասնագիտական, վարչաիրավական հարթության մեջ արժեքների վերաիմաստավորման։ Բոլորի գործունեության հիմքում պետք է լինի պետության ու քաղաքացու շահի սպասարկումը», - եզրափակել է նախարարը։
Խորհրդակցությանը մասնակցել է ազգային պարկի կենտրոնական ապարատի ամբողջ աշխատակազմը՝ ենթակա ստորաբաժանումներով ու հատուկ պահնորդական ջոկատի ներկայացուցիչներով։