Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) իրականացրած միջոցառումների արդյունքում պարզել է, որ Ա. Հ.-ն տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Ս. Խ.-ն մասնակցելով 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին՝ անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021-ի փետրվարի 3-ին վերջինիս հորը՝ Հ. Խ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես հատուկ ծառայությունների պաշտոնատար անձանց հետ կապեր ունեցող անձնավորություն՝ հայտնելով, թե իբր նրանց միջոցով ճշտել է, որ որդին գտնվում է Բաքու քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ երկրորդ երկիր, իսկ այնուհետ Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին տալ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք: Միաժամանակ, Ս. Խ.-ին Բաքու քաղաքից երկրորդ երկիր տեղափոխելու պատրվակով Ա. Հ.-ն վերջինիս հորից պահանջել է խոշոր չափերի՝ 521 հազար 130 դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:
Ըստ ԱԱԾ-ի, իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ.-ն 2021-ի փետրվարի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բակային հատվածում Հ. Խ.-ից խարդախությամբ հափշտակել է նշված 1000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով հարուցված քրեական գործով Ա.Հ.-ն ձերբակալվել է և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ Ա. Հ.-ն կալանավորվել է։ Պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Ա.Հ.-ի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին:
Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ գործարքների մեջ մտնելուն՝ վստահելով միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին: