Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը:
Արման Թաթոյանը բոլորին սթափության կոչ է անում. «Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի»:
ՄԻՊ-ը հիշեցնում է, որ քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի:
«Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. խախտված կամ լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կենսական իրավունքները, նրանց համար իրենց վերաբերող հարցերում այդպես էլ կանխատեսելիություն չի ապահովվում, Հայաստանին ադրբեջանական իշխանությունները սպառնում են նոր պատերազմով ու մեր երկրի բնակչության մասին խոսում են սպառնալիքների լեզվով, անհրաժեշտ է գործադրել պատասխանատվության ընթացակարգեր մեր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների համար, պետք է երաշխավորել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքները և այլն», - շեշտում է ՄԻ պաշտպանը: