Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով Ադրբեջանին կոչ են անում արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան, հաղորդում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը:
Խմբի անդամները հղում են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունը, եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների կոչերը:
«Կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան:
Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։
Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը», - ասված է հայտարարության մեջ: