«Ամեն դրական էմոցիա ինձ բուժում է, բայց ինձ ճնշում է, խեղդում է Հայաստանում տեղի ունեցածը»

Ուկրաինաբնակ հայտնի հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը վաճառում է իր կտավներն ու գոյացած գումարն ուղարկում Հայաստան՝ Արցախյան վերջին պատերազմից հետո վիրավորված զինծառայողների ընտանիքներին։

65-ամյա նկարչին բժիշկները 4-րդ աստիճանի քաղցկեղ են ախտորոշել, արդեն քիմիաթերապիայի 6 կուրս է անցել, առջևում որոշիչ վիրահատությունն է՝ Ուկրաինայի առաջատար կլինիկաներից մեկում։

Չնայած սուր ցավերին, կյանքի համար պայքարող գեղանկարիչն ամեն օր է նկարում, ասում է՝ վաճառված յուրաքանչյուր կտավ օգնություն է այն տղաների ընտանիքներին, որոնք բոլորիս ապրելու համար են կռիվ տվել։ Արդեն մի քանի տասնյակ հազար դոլարի կտավ է վաճառել։ Իր աշխատանքներն, ասաց, աշխարհի տարբեր երկրներում վաճառվում են 20 հազարից մինչև 100 հազար դոլարով, բայց դրանց գներն առնվազն երեք անգամ զեղչել է, որ արագ վաճառվեն։

«Արվեստանոցումս էլ գործ չի մնացել, բայց ամեն օր նկարում եմ։ Չնայած ունեմ առողջական դժվարություն, բայց իմ հիվանդության մասին իմանալու առաջին օրը խնդրել եմ Աստծուն, որ «խնդրում եմ ուժ տուր՝ ամեն օր աշխատեմ»։ Աստծո հետ հարաբերությունները շատ կոնկրետ են, ռեալ՝ խնդրում ես՝ ինքը տալիս է էդ ուժը։ Օրեր է լինում, որ քիմիայից անմիջապես հետո չեմ կարող աշխատեմ՝ ուժ չի լինում, պառկած եմ, ֆիզիկական ուժ չի լինում։ Որ աղոթում եմ, ու պատասխանը առնում եմ՝ «բուժում ես ստանում՝ մի քանի օր քնիր, քնիր, մի վախեցիր, քնիր, հանգստացիր, կգա ժամանակը՝ կասեմ վեր կաց, աշխատիր», - «Ազատության» հետ զրույցում ասաց նկարիչը։

Բորիս Եղիազարյանն 1993-ին է մեկնել Ուկրաինա, որ ուկրաինուհի կնոջ ծեր ծնողներին միայնակ չթողնեն, տարիներ անց կորցրել են միակ աղջկան։ Թեև ցանկությունը մեծ է Հայաստան վերադառնալու, բայց ասաց՝ չի կարող թողնել դստեր գերեզմանը։ Հիմա արդեն նաև քաղցկեղն է սահմանափակել նրա տեղաշարժը։

Հիվանդությունից ու վերջին պատերազմից ընկճված հայ գեղանկարիչը դրական էներգիա է ստանում նաև Հայաստանում բնակվող իր վստահելի ընկերներից մեկի՝ Ինեսսա Գաբայանի ուղարկած լուսանկարներից, որոնցում իր աշխատանքների վաճառքից գոյացած գումարները ստացած ընտանիքներն են։ Այդ լուսանկարներն, ասաց, չի հանրայնացնում, որովհետև դա իր անձնական երջանկությունն է՝ հրապարակման ենթակա չէ։ Հետևում է լուրերին, ասաց՝ կառավարությունն իր հերթին է օգնում վիրավոր զինվորներին ու նրանց ընտանիքներին, բայց իր աջակցությունն էլ ավելորդ չի համարում։

«Առողջացած տղերքը դուրս են գալիս ու հետագա բուժման կարիք ունեն, տո հացի, հացի փողի, ապրելու կարիք ունեն, և այլն։ Ով ինչ պրոբլեմ ունի՝ բոլորը գիտեմ, Ինեսսան գրում է, ուղարկում է, ֆոտոներով՝ որ փողը ում է գնացել, էնտեղ փողեր ստացողները սիրուն, քաղցր նամակներ են գրում երախտագիտության, ուրախանում եմ», - պատմեց նկարիչը։

Իր հայ և ուկրաինացի ընկերների հետ զրուցելիս միշտ ասում է, որ հայ զինվորը հաղթել է, որովհետև կռվել է տարածաշրջանի երկու հզոր բանակների դեմ։ Ամենօրյա դրական էմոցիաների կարիք ունի, դրանցից է ոգեշնչվում, հավատում, որ կհաղթահարի հիվանդությունն ու կապրի․ - «Իմ համար անհրաժեշտ է ամենօրյա դրական էմոցիա։ Այստեղ իմ ընկերներ, մոտիկներ, ամեն օր զանգում են, քաղցր խոսքեր են ասում, աղոթքի խոսքեր են ասում։ Ջահել աղջիկներ զանգում են, ասում են՝ «Բոր, դու առողջացիր, ինչ ձևի կուզես՝ կնկարես, կուզես՝ դիմանկար, կուզես՝ մերկ նկարիր, մենակ թե դու նկարիր»։ Ասում եմ՝ այսքան բանից հետո ես պիտի լավանամ, պիտի նկարեմ»։

«Ամեն դրական էմոցիա ինձ բուժում է, բայց ինձ ճնշում է, ինձ խեղդում է Հայաստանում տեղի ունեցածը, որ էս փոքրաթիվ մասսան այսպես կարողանում է աղտոտել միջավայրը։ Ոչ մեկ դեմ չի՝ պիտի ընտրություններ լինեն։ Ես չգիտեմ որևէ երկրում պետական գործիչ, որին էս տեսակ անձնական ճնշման տակ դնեին, ու ինքը կարողանար այսպես ամուր մնա, առողջ», - նշեց Եղիազարյանը։

Ծնունդով ապարանցի գեղանկարիչն 88-ին ակտիվ մասնակցել է Արցախի հարցով հանրահավաքներին, «Ապարան» ջոկատի հրամանատարն է եղել։ 2014-ին, երբ Ուկրաինայում եվրոպական ասոցիացման կողմնակիցները դուրս էին եկել խաղաղ ցույցերի, նրանց մեջ էր նաև Բորիս Եղիազարյանը։ Ըստ նրա՝ ուկրաինացիները Մայդանից, իսկ հայերը՝ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո կարևոր ձեռքբերում ունեն՝ դա ժողովրդավարությունն է։ Ասաց՝ Մայդանը փոխել է Ուկրաինան, Թավշյա հեղափոխությունը՝ Հայաստանը։

Քաղաքական ընդգծված հայացքներով գեղանկարչի հետ զրույցում նկատեցինք՝ երկու երկրներում էլ իշխանություններից հիասթափվածներ կան, ասաց՝ հակառակը հնարավոր չէր․ - «Դեմոկրատիան միշտ ունի խոցելի տեղեր։ Ուկրաինայի դեմոկրատիան պատճառն էր, որ այսպիսի վիճակի հասցրին, որ Զելենսկին դարձավ իշխանություն։ Չկա այնպիսի իշխանություն՝ անգամ բարգավաճ երկրներում, որ իշխանությունից հիասթափված չլինեն։ Չկա նման իշխանություն՝ դա բնական երևույթ է, դա նորմալ երևույթ է, դա ստեղծում է օպոզիցիա, դա նորմալ է։ Բայց մեր մոտ օպոզիցիա չի»։

Բորիս Եղիազարյանը մեծ ճանաչում ունի նաև Ուկրաինայում, տեղի 20 լավագույն նկարիչներից մեկն է համարվում, նրա անունը ներառված է Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի 20-րդ դարի 2000 ականավոր նկարիչների ու դիզայներների կատալոգում։ Հայազգի գեղանկարչի աշխատանքները ցուցադրված են Հայաստանի Ազգային պատկերասրահում ու Փարաջանովի երևանյան թանգարանում, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների թանգարաններում ու պատկերասրահներում։

«Ազատության» հետ զրույցում Բորիս Եղիազարյանն ասաց՝ բժիշկները խոստացել են, որ ինքն ապրելու է, կենսագրությունը կիսատ չի մնալու, ինքն էլ խոստացել է, որ շարունակելու է նկարել և վաճառել կտավները, որ վիրավոր հայ զինվորները զգան իր աջակցությունը՝ թեկուզ և հեռվից։

«Եթե անգամ Աստված որոշել էր, որ ինձ տաներ արդեն իր մոտ, որ տեսավ՝ էսքան մարդ աղոթում են, խնդրում են, ասում են՝ «Տեր Աստված, բժշկիր, վերադարձրու իրեն մեզ, թող ստեղծագործի, թող ուրախացնի, թող քո սուրբ փառքի համար լինեն իր ստեղծագործությունները, կյանքը», ասում է՝ Աստված սա տեսավ, ասաց՝ «այ բալամ, դե զզվացրիք էլի, դե թող, լավ, թող մնա՝ ձեր համար աշխատի, էլի»։