Հայաստանի պաշտպանության նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Վաղարշակ Հարությունյանը Ժոնաթան Լաքոտին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթին ներկայացրել է նաև տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները և ակնկալվող զարգացումները, հայտնում է ՊՆ-ն:
Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է, և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար:
Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից: