Վահան Քերոբյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի հետ Հայաստանի փոխգործակցությունը բարեհաջող է զարգանում, սակայն կա ներուժ այն ավելի խորացնելու, երեկ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ըստ նախարարության, Քերոբյանը նշել է, որ ներկայում նախատեսում են մշակել Ռուսաստանի հետ համագործակցության բազմավեկտոր օրակարգ և հույս ունի, որ այն կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի սերտացմանը։

Կոպիրկինն իր հերթին ընդգծել է, որ տնտեսությունը երկկողմ համագործակցության առաջատար ոլորտներից է, և ժամանակն է մտածել երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու և ավելի ակտիվացնելու մասին, ինչին կնպաստի նոր ներդրումների ներգրավումը։

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը։ Այնուհետև կողմերը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության, հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։