Ազգային գրադարանի թվայնացված շտեմարանը պարունակում է շուրջ 9 միլիոն էջ

Ինչպես և այլ հաստատություններ, Հայաստանի ազգային գրադարանը համավարակով պայմանավորված անցյալ տարի մարտի կեսերից դադարեցրեց աշխատանքները մինչև օգոստոս, որից հետո, պարետի ցուցումով պահպանելով անվտանգության բոլոր պահանջները, վերսկսեց աշխատանքն ու մինչ օրս, ինչպես «Ազատության» հետ զրույցի ընթացքում նշում է Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը, Ազգային գրադարանն իրականացնում է իր ողջ գործառույթները՝ աշխատելով նախկին ծանրաբեռնվածությամբ․ - «Այցելությունները մի քիչ պակասել են, բայց գրադարանը իր բոլոր գործառույթները, որոնք նախատեսված են, կատարում է»։

Ազգայն գրադարանը, ի թիվս իր հիմնական գործառույթների, մշտապես նաև աշխույժ մշակութային կենտրոն է եղել, որտեղ տեղի են ունեցել գրքերի շնորհանդեսներ, բացվել են ցուցահանդեսներ և այլն:

Ազգային գրադարանի փոխտնօրենի հավաստիացմամբ, իրենք շարունակում են նաև մշակութային այդ գործունեությունը՝ պահպանելով անվտանգության կանոնները, որոնք խստորեն պահպանվում են նաև ընթերցասրահներում:

Հայկանուշ Ղազարյանը հավելում է նաև, որ Ազգային գրադարանում պահպանվող մշակութային ժառանգությունը թվայնացման գործընթացի շնորհիվ հասանելի է նաև գրադարանից հեռավար օգտվողների համար․ - «Ազգային գրադարանի շտեմարանները արդեն դարձել են հանրության սեփականությունը։ Մենք ունենք չորս ու կես միլիոն էջից ավելի մամուլի թվայնացված շտեմարան, և դրանից մի քիչ պակաս էլ թվայնացված գրքի շտեմարան ունենք։ Այսինքն՝ իրար հետ եթե հաշվում ենք, ինը միլիոնից ավելի թվայնացված էջ՝ գրքի, պարբերականի, քարտեզների և այլն, կա տեղադրված Ազգային գրադարանի շտեմարանում։ Դրանից բացի, որպեսզի շփումները նվազեցնենք, մեզ մոտ գործում է նաև էլեկտրոնային պատվերի ինստիտուտը․ ընթերցողը կարող է տանից էլեկտրոնային պատվեր տալ և գիրքը գա գրադարանում կարդա։ Պատվերը 15 րոպեից կես ժամվա ընթացքում է կատարվում՝ նայած թե գրապահոցի որ հատվածում է գտնվում տվյալ վավերագիրը, տվյալ գրադարանային փաստաթուղթը»։

Հարցին, թե ինչ խնդիրներ ունեն, ինչպես, ինչ միջոցներով է կատարվում համալրումը, Ղազարյանը պատասխանեց․ - «Համավարակի պայմաններում էլի մեր գրադարանի համալրումը, հատկապես գնումների մասով եմ ասում, չի տուժել։ Բայց մյուս ձեռքբերումների ճանապարհների առումով, օրինակ՝ նվիրատվություններ, էդ առումով մի քիչ պակասել է իհարկե»։

Հայկանուշ Ղազարյանը վստահեցում է, որ Ազգային գրադարանը համավարակային պայմաններում խստացումներից հետո վերստին իր ընթերցողների համար ոչ միայն բացել է դռները, այլև վերականգնել նախկին հարազատ միջավայրն ու մթնոլորտը․ - «Տարին արդեն մեկնարկել է, և հույս ունենք, որ ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինի, և գրադարանը իր գործառույթները լրիվորեն կկատարի։ Գրադարանը դարձել է շատ հաճելի միջավայր։ Շատ հաճախ մեր օգտվողները գալիս են իրենց ընթերցիչներով, իրենց սարքերով, իրենց հետ բերում են ինչ-որ նյութեր և աշխատում են էստեղ։ Սա ապացուցում է, որ գրադարանը այլևս հաճելի միջավայր է ընթերցողների համար»։