Բրյուսելում Հայաստանը մարտի 17-ից կունենա նոր մաքսային կցորդ, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)՝ նշելով, որ Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի մաքսային ոլորտի շահերը կներկայացնի ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը։
Մելիք-Իսրայելյանը նշանակվել է վարչապետի որոշմամբ՝ 3 տարի ժամկետով, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝ այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
Նախատեսվում է, որ կցորդը պարբերաբար հանդիպումներ կունենա գործարար համայնքի հետ՝ նպատակ ունենալով վերհանել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրաշրջանառության ընթացքում, գործարարներին ներկայացնել պարզեցված մաքսային ընթացակարգերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելությունները։
Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեության շրջանակներում մարտ ամսին կմեկնարկի «CEPA» համաձայնագրով ստեղծված ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով համատեղ կոմիտեի աշխատանքը, հստակ քայլեր կիրականացվեն «Doing business» ցուցանիշի անդրսահմանային առևտրի բաղադրիչի բարելավման ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։