Փաշինյանը Ղազախստանում Ղրղըզստանի վարչապետի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղըզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ:

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, Փաշինյանը նախ շնորհավորել է Մարիպովին վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ապա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է գործընկերային կապերի խորացմամբ։

Ղրղղզստանի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերության սերտացմանը։ Նրա խոսքով՝ պետք է աշխատել առևտրատնտեսականից մինչ մշակութային-հումանիտար ոլորտներ գործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները վերահաստատել են փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը:

Նիկոլ Փաշինյանը և Ուլուկբեկ Մարիպովը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության զարգացման շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման և ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին, ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

Կողմերը փոխանակվել են կորոնավիրուսի համավարակի հաղթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ և պայմանավորվել ինտենսիվացնել բարձր մակարդակի փոխադարձ շփումները՝ համաճարակային իրավիճակի կայունացմանը զուգահեռ։

Նիկոլ Փաշինյանը Ղազախստան է մեկնել փետրվարի 4-ին՝ Ալմաթիում մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: