Միջուկային համաձայնագրում որևէ փոփոխություն չի կարող մտցվել, շեշտում է Իրանի նախագահը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ, Թեհրան, 3-ը փետրվարի, 2021թ․

2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրում որևէ փոփոխություն չի կարող մտցվել։ Այսօր Թեհրանում կայացած կառավարության նիստի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Այդ համաձայնագիրը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ, բանակցությունները շարունակվում էին շուրջ 10 տարի։ Այդ իսկ պատճառով պայմանագրի և ոչ մի կետ փոփոխության ենթակա չէ, իսկ միջազգային այդ համաձայնագրի մասնակիցների շրջանակը չի ընդլայնվելու», - Ռոհանիի խոսքերն է մեջբերում իրանական Mehr գործակալությունը։

Այսպիսով Իրանի նախագահը հակադարձել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությանը, որի համաձայն՝ Իրանի հետ հարկավոր է նոր պայմանագիր կնքել, որ կվերաբերի ոչ միայն այդ երկրի միջուկային ծրագրին, այլև Թեհրանի կողմից արտադրվող բալիստիկ հրթիռներին։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանի հետ նոր համաձայնագրի կնքմանը պետք է մասնակցեն նաև տարածաշրջանի ազդեցիկ պետությունները՝ մասնավորաբար Սաուդյան Արաբիան։