Ուկրաինայում եթերազրկվում են ռուսամետ հեռուստաալիքները

Ուկրիանայում գործող կաբելային ցանցերն այսօր սկսել են եթերազրկել Ռուսաստանից ֆինանսավորվող երեք հեռուստաընկերությունները։ 112 Украина, Newsone и ZIK հեռուստաընկերությունների հաճախականություններն արգելափակվում են երկրի Ազգային անվտանգության և Պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա։

«Այդ հեռուստաալիքների ռուսաստանյան ֆինանսավորման փաստը արդեն իսկ ապացուցված է։ Այդ հեռուստաընկերությունները Ուկրաինայի դեմ վարվող պատերազմի գործիքներից մեկն են, և դրանց հեռարձակումը արգելափակվում է երկրի ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով», - Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ` եթերազրկված հեռուստաալիքները պատկանում են Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող գործարար Վիկտոր Մեդվեդչուկին, որը նաև Ուկրաինայի Գերագույն ռադայում ներկայացված «Ընդդիմադիր պլատֆորմ» կուսակցության առաջնորդն է։