2020-ին Հայաստանում կգրանցվի վերջին 20 տարիների ամենացածր բնական աճի ցուցանիշը, թեև ծնունդների թիվն աճել է

2020-ին՝ 2014-ից ի վեր առաջին անգամ ծնունդների թիվը Հայաստանում աճել է՝ հասնելով մոտ 22 հազարի։ Չնայած դրական այս ցուցանիշին, 2020-ին կգրանցվի վերջին 20 տարիների ամենացածր բնական աճի ցուցանիշը։ Պատճառը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքով, 2020-ին գրանցված մահերի մեծ թիվն է։

«Կորոնավիրուսն ու Արցախյան երկրորդ պատերազմը մեծ ազդեցություն են ունեցել մահերի թվաքանակի վրա, ունենք ցավալի կորուստներ, և առաջին 11 ամիսների կտրվածքով՝ 2020 թվականի, մահերի թիվն աճել է 7 հազար 200-ով, որից մոտավորապես 2 հազար 600-ը կորոնավիրուսից արձանագրված մահերն են, դեռ վերջնական պարզ չէ, թե պատերազմից մահերի թիվը որքան է», - ասաց Մարկոսյանը։

Վերջին 20 տարիների ընթացքում ծնունդների ամենափոքր թիվը գրանցվել է 2000-2001-2002թթ-ին, չհաշված, որ այդ տարիքի տղաների 30-ից 35 տոկոսը նաև բացակայում էր երկրից, ասում է ժողովրդագրագետը։ Պետք է արձանագրել նաև մեկ այլ փաստ․ 1994-ից ի վեր, սեռով պայմանավորված աբորտների հետևանքով տղա-աղջիկ հարաբերակցության մեծ դիսբալանս էր առաջացել։ 1-ից 20 տարեկան տղաները պետք է 22 հազարով ավելի լինեին աղջիկներից, բայց 2019-ի տվյալներով՝ ավելի էին 50 հազարով։ Այդուհանդերձ, եթե կորոնավիրուսի հետևանքով մահ գրանցվում է առավելապես մեծահասակների շրջանում, պատերազմը խլեց վերարտադրողական տարիքում գտնվող տղաների կյանքը, ինչը չի կարող իր բացասական հետևանքը չթողնել ծնելիության վրա։

«Ազդեցությունը հիմա չի զգացվի, բայց 4-5 տարի հետո այդ ազդեցությունը կզգանք։ Ազդեցությունը սպառողական շուկայի վրա հիմա կզգացվի, աշխատանքային շուկան դա կզգա, բայց ժողովրդագրական տեսանկյունից ավելի ուշ մի քիչ՝ մոտավորապես 2024-25-ի կողմերը դա կզգացվի, թեև հասկանանք որ մահացողների մեջ նաև ամուսնացած, վերարտադրողական տարիքի մարդիկ էին մեծամասնությունը, որոնք, դեպքեր գիտեմ, որ նոր էին ամուսնացել, երեխան մեկն էր, այսինքն՝ պատերազմի հետևանքով այդ գործընթացը կանգ առավ», - ասաց Մարկոսյանը։

Երբ կորոնավիրուսը, հետո նաև պատերազմը սկսվեց, այն իր ազդեցությունը չունեցավ արդեն պլանավորված ծնունդների վրա, հետևաբար ազդեցությունը ժողովրդագրության վրա կերևա ավելի ուշ, բայց դրա համար լուրջ հետազոտություն անցկացնելու անհրաժեշտություն կա, որի հիման վրա էլ պետք է մշակվի նոր քաղաքականություն։

Ժողովրդագրագետը նաև արձանագրում է, եթե Հայաստանում դեպոպուլացիայի վտանգ կար 2025-26թթ-ին, այսինքն՝ մահերը կարող են գերազանցել ծնունդներին, հիմա Հայաստանը ավելի շուտ կարող է հայտնվել դեպոպուլացիոն փուլում։

«Եթե այսօր համարում ենք ամուսնության միջին տարիքը կնոջ համար 27 տարեկանն է, հենց իրենք են՝ 93-ից հետո ծնված սերունդն է մտնում ակտիվ փուլ, բնականաբար, իրենք քիչ են, ծնվող երեխաներն էլ քիչ են լինելու, գրանցված ամուսնությունները նվազելու են, առաջնեկների թիվը նվազելու է, բնականաբար՝ երկրորդ, և այստեղ իրավիճակի փրկությունը միայն ծնելիության հաճախության բարձրացումն է, այսինքն՝ ընտանիքներում, եթե ունեն գոնե երկու երեխա, խրախուսման ծրագրերի միջոցով շագրգռել, որ ունենան 3-րդ կամ 4-րդ երեխան», - ասաց ժողովրդագրագետը։

Արդյո՞ք ծնելիության խթանման նոր ծրագրեր նախատեսում է իրականացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը. հարցին ի պատասխան նախարարությունից տեղեկացրեցին, որ այս պահին քննարկվում է բազմազավակ ընտանիքներին խրախուսելու և կարգավիճակ տալու ծրագիրը, որևէ այլ տեղեկություն այս պահին տրամադրել չեն կարող։