Դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման` պայմանականը փոխարինելով իրականով: Դատարանն այսօր նրան մեղավոր է ճանաչել պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար:

Դատավորը վճիռը կայացրել է լարված լսումներից հետո, որին հաջորդել է երկու ժամ տևած խորհրդակցությանը:

Մեղադրող կողմը ընդդիմադիր առաջնորդի համար պահանջել էր 2.5 տարվա իրական ազատազրկում պայմանականի փոխարեն «Իվ Ռոշե»-ի գործով` պնդելով, թե Նավալնին խախտել է պայմանական ազատազրկման կանոնները, մասնավորապես չի ներկայացել հաշվառման, թեև արդեն ապաքինված էր, ինչի մասին վկայում էին Գերմանիայում արված նրա տեսագրությունները:

Պատժի փոփոխման վճիռը դեռ ուժի մեջ չի մտել, այն բողոքարկելու համար կողմերը ունեն 10 օր:

Հիշեցնենք, որ նույն այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ մի քանի տարի առաջ Նավալնիին անմեղ էր ճանաչել, ավելին` Ռուսաստանի իշխանությունները փաստացի ընդունել էին եվրոպական դատարանի վճիռը և Նավալնիին փոխհատուցել վնասը: