Երևանի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի նկատմամբ, ով առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Ըստ ԱԱԾ-ի, «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Գալստյանը այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։