Հայ-թուրքական սահմանին գտնվող Հայկաձորից թեև մեր նկարահանման պահին հնարավոր չէր տեսնել Կարսում ընթացող թուրք-ադրբեջանական զինավարժությունները, բայց գյուղում այսօր հեռվից լսելի էին զինամթերքի ինտենսիվ կիրառման ձայները։ 65-ամյա Հովսեփ Մարգարյանի տունը սահմանին ամենամոտն է, նրա բակից մինչև բաժանարար փշալարը ընդամենը երկու մետր է։ Զինավարժությունների մասին հայկաձորցին տեղյակ էր։
«Մինչև այսօր ոչինչ, լավ ենք էլի, անվտանգ ենք զգում, բայց սրանից հետո չգիտեմ` ինչ կեղնի, տեսնելով էս պատերազմը` ի՞նչ մտավախություն պիտի լինի», - ասում է նա:
Հայկաձորի դպրոցի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը սահմանից այն կողմ կրակոցների ձայներ լսել էր, բայց ասաց՝ չի անհանգստացել. «Շատ թեթև լսելի է, անհանգիստ չենք, ուղղակի անհանգիստ լինելն այն է, որ մեր պետության վրա հարձակում չլինի, սահմանը ռուսն է պահում: Իմ կարծիքով` էստեղ հարձակում չի լինի, Հայաստանի վրա հարձակում չի լինի, սա ռուսի պաշտպանած սահմանն է»:
Դպրոցի մանկավարժի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական «Ձմեռ - 2021» համատեղ զորավարժանքն ուժի ցուցադրություն է, ընդ որում ոչ միայն Հայաստանին. «Ցուցադրում են իրենց ուժը, ցույց են տալիս մեր էս ռուսին, իրենց սահմանակից երկրներին, որ հզոր են»:
Մարգարյանի հետ համամիտ են հայաստանյան մի շարք վերլուծաբաններ, այդուհանդերձ նաև հիշեցնում են՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժություններից մեկուկես ամիս անց Ղարաբաղում սկսվեց 44-օրյա պատերազմը, որին, ըստ մի շարք հաղորդումների, ուղղակի մասնակցություն են ունեցել նաև թուրք զինվորականները։ Համատեղ վարժանքների անցկացումը քննադատել է պաշտոնական Երևանը՝ պնդելով, որ դրանք ոչ միայն չեն նպաստում, այլև կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին Անկարայից և Բաքվից հնչող հավաստիացումները։ 12 օր տևող զինավարժությունների նպատակը երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում համակարգելն է, դրանց մասնակցում են տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։ Նախատեսվում է նաև փորձարկել թուրքական ու ադրբեջանական բանակների ստացած նոր սպառազինությունը։
Իր անմիջական հարևանությամբ ընթացող վարժանքների մասին լուրերին ուշի-ուշով հետևող 74-ամյա Միշա Աբրահամյանն ասում էր՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ է զենք վերցնել ու հսկել սահմանը. «Պետք լինի` սահմանապահություն ենք անում օգնության կարգով ռուսական բանակին: Սահմանում ապրել ենք, մեծացել ենք, էտ պայմաններին ծանոթ ենք, մենք որ չպաշտպանենք, ո՞վ պիտի պաշտպանի: Զորավարժությունները լսել ենք հեռուստատեսությամբ, որ Կարսում ադրբեջանցիների հետ շատ վատ դրություն է էլի, էստեղ էլ աշխատանքներ էին անում, էս մի տարի էր, ինչ-որ ճանապարհներ էին պատրաստում, տեխնիկաներ էին տեղադրում: Ուշադիր ենք մենք, ամեն քայլափոխին էլ ուշադիր ենք սահմանի: Մտահոգվելու, գիտեք որն է, շատ ցավալի է էլի, փոքր ազգ ենք մենք, չորս կողմից շրջապատված թշնամիներով, ոնց որ խաղալիք դարձած էղնենք էլի գերտերությունների ձեռքում: Պիտի մենք մեզ զինենք, մենք պիտի առաջին հերթին ուղեղով զարգանանք, հետո էլ տո զենքով, ամեն ինչով պիտի պատրաստ լինենք ամեն մի քայլափոխին, չորս կողմից շրջապատված ենք թշնամիներով»:
Սոս Դավթյանի երկու որդիները զինվորականներ են: Զինվորականների հայրն էլ է ուշադրությամբ հետևում փշալարից այն կողմ տեղի ունեցողին, ժամանակ առ ժամանակ տեղաշարժ նկատում է. «Անհանգստանալու ոչինչ չունենք: Մեկ-մեկ վիշկա կա, էնտեղ դրված է, չեմ իմանում, ասում են` ինչ-որ վիդեոյով նայող է, կամեռա է դրված, իրենք գալիս են, առավոտներն էտտեղից նայում են ու թողում, գնում են, ուրիշ բան չկա»:
Հայկաձորցիներն ասում են, որ առաջիկա 12 օրերին՝ մինչև թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ավարտն ավելի զգոն են լինելու: