Արցախի ԱԳՆ-ն մտահոգված է «Գորշ գայլեր»-ի՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում նախագծեր իրականացնելու մտադրությամբ

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Արցախի արտգործնախարարությունը մտահոգված է «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում որոշ նախագծեր իրականացնելու մտադրությամբ։

Նշենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին։ Կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին առաջին անգամ այդ մասին հայտարարել էր հունվարի 16-ին։ Նա ցույց էր տվել դպրոցի էսքիզների լուսանկարները, սոցցանցերում էլ գրել էր, որ եթե երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թույլ տա, Շուշիում 9 դասասենյակներով դպրոց կկառուցեն, որը կարող է կոչվել Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի օրհներգի հեղինակ Ուզեյիր Հաջիբեյովի անունով։ Նրա գրառումից երկու շաբաթ չանցած թուրք ազգայնականների պատվիրակությունը Բաքվում էր՝ ծրագրերը տեղում քննարկելու համար։

«Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար», - հայտնում է Արցախի արտգործնախարարությունը՝ շարունակելով․ - «Այն փաստը, որ այդ ուժերը օկուպացված Շուշիում իրենց նախագծերի իրականացման համար ստացել են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը, վկայում է Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում և հարևան երկրներում լարվածության օջախներ ստեղծելու, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ, համապարփակ, արդար կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը խափանելու ծրագրերի մասին»։

Արցախի արտաքին գերատեսչության համոզմամբ՝ ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի օկուպացված տարածքներ, ինչպես նաև Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։

«Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման և պահանջում է, որ միջազգային հանրությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկեն` ուղղված նման ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանն ու կասեցմանը», - ասված է Արցախի արտգործնախարարության մեկնաբանությունում:

Ֆրանսիայի կառավարությունը, հիշեցնենք, նոյեմբերի սկզբին պաշտոնապես արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը երկրի տարածքում։

«Այս կազմակերպությունը խտրականություն և ատելություն է տարածում, իսկ դրա անդամները ներգրավված են բռնի գործողություններում», - Թվիթերում գրել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։

«Գորշ գայլեր» կազմակերպությունը ֆրանսիացի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Լիոնում տեղի ունեցած մի շարք հակահայկական բնույթի միջադեպերից հետո։ Դրանցից մեկի ընթացքում հարձակման էին ենթարկվել Լիոնում ապրող հայերը, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել էր։ Թուրք ազգայնականները նաև պղծել էին Լիոնում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։