Պետական հեղաշրջում Մյանմայում

Մյանմայի զինվորականները փակել են դեպի խորհրդարան տանող ճանապարհը, Նայպիդո, 1 փետրվարի, 2021թ.

Մյանմայում զինվորականները հեղաշրջում են իրականացրել: Այդ երկրի դեմոկրատական կարգով ընտրված նախագահ Վին Մյինը, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, պետքարտուղար և համատեղությամբ արտգործնախարար Աուն Սան Սու Չժին և այլ պաշտոնյաներ ձերբակալված են:

Աուն Սան Սու Չժին «Ազգային լիգա հանուն դեմոկրատիայի» կուսակցության առաջնորդն է, պետական քարտուղարի պաշտոնը հավասարազոր է վարչապետի պաշտոնին:

Բանակը Մյանմայի նախագահի պաշտոնակատար է նշանակել փոխնախագահ Մյին Սվեին, սակայն գործնականում կառավարման բոլոր լծակները փոխանցվել են գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայինին:

Բանակը հայտարարել է, որ վերցնում է իշխանությունը, քանի որ քաղաքացիական ղեկավարությունը կեղծել է վերջին ընտրությունները, որոնց պաշտոնական արդյունքներով հաղթել է «Ազգային լիգա հանուն դեմոկրատիայի» կուսակցությունը:

Բանակը Մյանմայում մեկ տարով արտակարգ դրություն է հայտարարել` խոստանալով դրա ավարտից հետո ընտրություններ անցկացնել: