Արևմուտքը Մոսկվայից պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին

Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները հսկում են Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցները, Մոսկվա, 31 հունվարի, 2021թ.

Երեկ Ռուսաստանի տարբեր քաղաքներում ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների կազմակերպած բողոքի ցույցերի ավելի քան հինգ հազար մասնակիցների:

Ընդդիմադիր ակտիվիստները դուրս են եկել փողոցներ՝ անտեսելով ցուրտ եղանակը և իրավապահների կոշտ գործողությունները:

Բախումներ են տեղի ունեցել մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Մեծ թվով ցուցարարներ վանկարկել են «Պուտինը մարդասպան է», «Նավալնին հերոս է» կարգախոսները:

Իրավապահները հունվարի 17-ին կալանավորել են Նավալնիին, երբ նա վերադարձել է Բեռլինից, որտեղ բուժում է ստացել այն բանից հետո, երբ նրան անցյալ տարվա ամռանը փորձել են թունավորել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը և տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջել են անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր բլոգերին ու նրա աջակիցներին: