Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են ՀՀ-ի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը

Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ, հայտնում է հայկական կողմը: Ըստ ՊՆ-ի` ռուսական կողմի նախաձեռնությամբ զրույցում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։

Վաղարշակ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության կապակցությամբ, հատուկ նշելով, որ դրա արդյունավետության լավագույն վկայությունը զինադադարի գրեթե լիարժեք պահպանումն է, ինչի շնորհիվ նախորդող՝ դեկտեմբեր և հունվար ամիսներին լուրջ արտակարգ միջադեպեր չեն գրանցվել՝ բացառությամբ Արցախի պաշտպանության բանակի մեկ զինծառայողի վիրավորման դեպքի։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված խնդիրներին։