Կիրակի օրը նոր ցույցեր են տեղի ունեցել Ռուսաստանի գրեթե հարյուր քաղաքներում՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ: Կեսգիշերի տվյալնելով՝ Ռուսաստանի ամբողջ տարածքում, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին աջակցող ցույցերի ընթացքում ավելի քան 5,1 հազար մարդ է բերման ենթարկվել, նրանցից առնվազն 35-ը ծեծի են ենթարկվել, հայտնում է "ОВД-Инфо"-ն։
Բերման ենթարկվածների մեծ մասը Մոսկվայում են՝ ավելի քան 1650 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 1160, Կրասնոյարսկում՝ 194, և Նիժնի Նովգորոդում՝ 182: Ցուցարարներ են բերման ենթարկվել նաև այլ քաղաքներում:
Ըստ տեղեկությունների՝ անվտանգության ուժերը կոշտ են գործել, ձերբակալվածների թվում կան դեռահասներ, տարեցներ, լրագրողներ և Նավալնիի տարածաշրջանային շտաբների ներկայացուցիչներ:
ԱՄՆ-ը քննադատել է Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների նկատմամբ ճնշումները և անհիմն է համարել խաղաղ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: Վաշինգտոնը մեկ անգամ ևս կոչ է անում Մոսկվային ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, նաև՝ Ալեքսեյ Նավալնիին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ևս դատապարտել է «նոր զանգվածային ձերբակալությունները և անհամաչափ ուժի կիրառումը» ցուցարարների նկատմամբ Ռուսաստանում: Բորելի այցը Ռուսաստան նախատեսված է փետրվարի 4-6-ը։ Այդ ընթացքում նա կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, բանակցություններ կվարի Ռուսաստանի ղեկավարության հետ, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Բորելի Ռուսաստան այցի մասին որոշումն ընդունվել է վերջերս կայացած Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների հանդիպմանը: