Բելառուսի դատախազությունը կարող է արգելել սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշները, որոնք դարձել են ընդդիմության և Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի դեմ բողոքի խորհրդանիշներից մեկը: Իրավապահները պնդում են, թե այդ հարցով իրենց են դիմել ավելի քան հարյուր շարքային քաղաքացիներ:
«Նրանք մեզ խնդրել են արգելել դրոշի գործածումը դատական կարգով», - հայտարարել է դատախազության ներկայացուցիչը Բելառուսի պետական հեռուստաընկերության եթերում, պարզաբանելով, - «Դիմումատուները կարծում են, որ այդ դրոշը նույնացվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելառուսի օկուպացիայի հետ»:
Ընդդիմությունն իր հերթին այս նախաձեռնության դեմ ստորագրահավաք է սկսել համացանցում, որին արդեն իսկ միացել է ավելի քան քսան հազար մարդ:
Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսից, երբ նախագահական ընտրություններում վեցերորդ անգամ անընդմեջ հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունը, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ այդ քվեարկության արդյունքները չեն ճանաչել` վարչակազմին մեղադրելով զանգվածային կեղծիքների ու ընտրախախտումների մեջ: