Նավալնու աջակիցները փողոց են դուրս եկել, զանգվածային ձերբակալություններ են արվում

Ռուսաստանի տասնյակ քաղաքներում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու աջակիցները կրկին փողոց են դուրս եկել նրան ազատ արձակելու պահանջով, իրավապահները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում: Կեսօրն անց արդեն, ոստիկանության տվյալներով, երկրով մեկ բերման էր ենթարկվել ավելի քան 600 մարդ:

Մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում առավոտից իրավապահները հավելյալ ուժեր են կենտրոնացրել, քաղաքային իշխանություններն էլ փակել են մետրոպոլիտենի յոթ կայարաններ, ինչպես նաև արգելափակել մուտքը հրապարակներ, որտեղ ակտիվիստները նախատեսում էին բողոքի ակցիաներ անցկացնել:

Կրեմլի կոշտ քննադատը ձերբակալվել է շաբաթներ առաջ` իր գտնվելու վայրի մասին դաշնային ծառայություններին պատշաճ կարգով չտեղեկացնելու համար: Իրավապաշտպաններն ու արևմտյան կառույցները, սակայն, քաղաքական են որակում Նավալնու և նրա աջակիցների դեմ հետապնդումները: