Չմաքրված ու սառցակալած մայթեր. քաղաքացիները դժգոհում են

Լուսադեմին տեղացած ձյունը, որ վաղ առավոտից ճանապարհներն ու մայթերը դժվարանցանելի էր դարձրել, կեսօրից սկսեց հալվել, քանի որ դրսում տաք էր՝ ջերմաստիճանը 0-ից բարձր էր։ Վաղ առավոտից նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մեքենաներն էին գործի անցել։

«Քանի որ արդեն օդերևութաբանները կանխատեսել էին նախորդ գիշեր և այսօրվա ընթացքում ձյուն, Երևանի կոմունալ ծառայությունները՝ հիմնականում «Աղբահանության և սանիտարական մաքրման» համայնքային հիմնարկը, գիշերվանից պատրաստվում էին ձյան տեղումներին, մասնավորապես, աղով, ավազով մշակում էին փողոցները, արդեն ձյան սկսվելուց հետո որոշակի շերտը նստելուց հետո սկսել են մաքրել: Ամբողջ տեխնիկան է ներգրավված եղել հիմնարկի: Դա 29 բազմաֆունկցիոնալ մեքենա է՝ աղ ցանող և ձյուն մաքրող, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ այլ տեխնիկա՝ տրակտորներ, մայթեր մաքրող տեխնիկա», - ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Երևանում կեսօրից հետո ճանապարհների երթևեկելի հատվածները հիմնականում մաքուր էին, նկարահանման ընթացքում փողոցում շրջող ու մաքրման աշխատանքներ իրականացնող մի քանի մեքենաների հանդիպեցինք։ Իսկ վաղ առավոտից աշխատանքի անցած տաքսու վարորդների կարծիքները հակասական էին։

Քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառը չմաքրված ու սառցակալած մայթերն են։ Ամենամեծ խնդիրը թեքություն ունեցող փողոցներն են, որտեղ նստած ձյան շերտը ճանապարհը ոչ միայն դժվարանցանելի, այլև վտանգավոր է դարձնում։

Թե ինչո՞ւ բակային տարածքներն ու մայթերը չեն մաքրվել, քաղաքապետի մամուլի քարտուղարը այսպես մեկնաբանեց. «Քանի որ փոքր տեխնիկայի հետ կապած մայթային հատվածների, բակային հատվածների տեխնիկայի հետ կապված դեռ համալրման խնդիր կա, հիմնականում աղով, ավազով մաքրվում են, որպեսզի սառույց չդառնա, հնարավորինս հարմարավետ լինի քայլելը»:

Որոշ փողոցների մայթերին, այսօր տեղացած ձյան շերտի տակ կարմիր ավազ նշմարվում էր, որը, ամենայն հավանականությամբ, նախորդ անգամ տեղացած ձյան վրա էր լցվել։ Բակային տարածքներում դա էլ չկար։ Նկարահանումներն իրականացրել ենք թե՛ կենտրոնական, թե՛ ծայրամասային փողոցների բակերում։ Բնակիչների միակ հույսը շենքի պատերին մոտ քայլելն էր, որ սայթաքելու դեպքում գոնե բռնվելու հնարավորություն ունենային, բայց արի ու տես, որ սա էլ մեկ ուրիշ վտանգի առաջ է կանգնեցնում։ Շենքի տանիքներից հալվող ձյունն ու կախված սառույցները ամեն վայրկյան ընկնելու ու ոչ պակաս ծանր վնասվածք հասցնելու վտանգ են ստեղծում։

Որոշումը, որ տնտեսվարողները իրենք պետք է իրականացնեն իրենց հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները, Երևանի ավագանին ընդունել է դեռ 2009-ին։ Տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները: Չմաքրելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 15.000-20.000 դրամի չափով։ Այս պահանջը կատարողների կողքին շատ են նաև չկատարողները։ Թե քանի տնտեսվարող է տուգանվել վերջին շրջանում, այսօր քաղաքապետարանից պարզել չհաջողվեց։