Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա, «Ազատության» հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Խաչատրյանը հայտնեց, որ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով քրեական գործը հարուցվել է դեռևս հոկտեմբերին:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանն էլ այսօր հայտնել է, որ քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատարը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
«Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Եգանյանը:
Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր և հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: