ԱՀԿ-ն կոչ է անում երաշխավորել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անարգել մատակարարումը բոլոր երկրներին

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երաշխավորել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու անհրաժեշտ պարագաների անարգել մատակարարումը բոլոր երկրներին, զգուշացնելով` հակառակ դեպքում համաճարակի դեմ գլոբալ պայքարը կարող է ձախողվել:

«Եթե մենք պատվաստանյութերի ազգայնացման պատճառով կորցնենք միջազգային վստահությունը, հետևանքը կլինի վարակի հաղթահարման ձգձգումը», - երեկ հեռավար ելույթ ունենալով Դավոսի միջազգային համաժողովում, հայտարարել է կազմակերպության ղեկավարը:

«Վերջին համավարակը միաժամանակ ի ցույց դրեց, թե որքան թույլ է աշխարհում առողջապահության համակարգը», - փաստել է Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, ընդգծելով` այսօր այս հարցը պետք է առաջնային լինի բոլոր ղեկավարների օրակարգում:

Պաշտոնական տվյալներով, ավելի քան մեկ տարի շարունակվող կորոնավիրուսի համաճարակն արդեն ավելի քան երկու միլիոն մարդու կյանք է խլել, վարակվածների թիվը հատել է հարյուր միլիոնի շեմը: