Աղդամում բացվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, որտեղից էլ երկու երկրների զինվորականները հետևելու են Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների կատարմանը:
Կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, թուրքական կողմից էլ՝ ՊՆ փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն։
Ըստ ադրբեջանական աղբյուրների, առավոտից թուրքական ու ռուսական զորախմբերն արդեն տեղակայվել են կենտրոնում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարն ասել էր, որ նախնական փուլում կենտրոնում աշխատելու է 60 թուրք, 60 ռուս զինվորական, հրադադարի դիտարկումն էլ իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: