Վարչապետ Փաշինյանը՝ Շուշիի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Շուշիի մասին Ազգային ժողովում արած հայտարարության:

Վարչապետը նշեց. «Վերջին շրջանի աղմկահարույց վերնագրերից մեկն այն մասին է, թե ես հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ: Այդ մասին խոսվել է հետևյալ առիթով, երբ որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արել եմ հետևյալ արտահայտությունը՝ «ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ Ադրբեջանի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Ազգային ժողովի ամբիոնից խոսել է այս մասին, քանի որ պատգամավորներից մեկը իրեն հարցրել է. «Ռուսաստանի նախագահը Ձեզ առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը, Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո»:

Փաշինյանը նշեց, որ եղել է պատերազմի ընթացքում խոսակցություն պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին, և երբ որ ադրբեջանական կողմը պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ՝ «ըստ էության խոսքը վերաբերում էր 92 թվականի ժողովրդագրական ստատուս-քվոն վերականգնելու հնարավորության մասին»:

«Այսինքն՝ երբ որ մենք արդեն պայմանավորվել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ մի նոր պայման և այդ նոր պայմանը հետևյալն էր, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992 թվականի, այսինքն Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս-քվոյի: Այդ ստատուս-քվոյի համաձայն, 92 թվականի արձանագրության համաձայն այն, ինչ որ առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշի քաղաքում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն, ավելի կոնկրետ 96 տոկոս», - ասաց վարչապետը՝ հավելելով, - «Ես արձագանքել եմ այդ իրողությանը և այդ արձագանքներին, թե այդ ովքեր են և ինչպես են համարում, որ երբ Շուշի քաղաքում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է հարցնում»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պատերազմը կանգնեցնելու պայմանը Շուշիի այդ կոնտեքստում 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն էր։

«Խոսքը իր ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության, այսինքն մենք պատմական հարց չենք քննարկել՝ ով է հիմնադրել Շուշին, ովքեր են ապրել 20-րդ դարում Շուշիում։ Քննարկել ենք մի կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 1992 թվականին առկա ժողովրդագրական ստատուս-քվոյին համապատասխան։ Իմ կարծիքով, որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, և մենք կարող ենք ասել, որ այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին վարչապետին «Եռաբլուր»-ում լրագրողներից մեկը հարց էր ուղղել Շուշիի վերաբերյալ Ազգային ժողովում արված հայտարարության մասին, որին Փաշինյանն արձագանքել էր. «Դուք անձամբ բերեք իմ մեջբերումը՝ թղթի վրա գրած, որ ես հայտարարել եմ, ու ես ուղիղ եթերում Ձեր հարցին կպատասխանեմ»։