Հնարավոր է՝ պարտության պատճառը լինի այն, որ մենք այն հաղթանակը չկարողացանք մշակութաբանորեն արժեվորել․ գրականագետ

Հրատարակիչ, գրականագետ Արմեն Ավանեսյան

Անկախությունից հետո  ծնունդ են առել արցախյան շարժմանը, ապա նաև պատերազմին, հայկական բանակին նվիրված պատկառելի քանակությամբ գրքեր, որոնք վաղուց արդեն իրենց անխախտ տեղն ունեն ժամանակակից գրականության մեջ:

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանի համոզմամբ, սակայն, արցախյան առաջին պատերազմը, հաղթանակը և ձեռքբերումներն ամբողջացնող մեծ գրական ստեղծագործություն՝ մեծածավալ վեպ կամ պոեմ առայժմ ծնուն չի առել:

«Այ սա մենք ընդհանրապես չունեցանք։ Նույնիսկ 90-ականների պատերազմի գեղարվեստականացումը, որպես էդպիսին, չունեցանք։ Արցախյան պատերազմի մասին կան բազմաթիվ հրաշալի պատմվածքներ․ Վրեժ Իսրայելյանը ունի, Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզը», ունի լավ պատմվածքներ Սուսաննա Հարությունյանը, ունի հրաշալի պատմվածքներ Արա Նազարեթյանը, Հովհաննես Երանյանը ունի պատմվածքներ, Հովիկ Վարդումյանը ունի պատմվածքներ և վիպակ։ Հարցը սա չի։ Բայց ամբողջապես չկարողացավ երևի թե գրողը ճշգրիտ գնահատականը տալ պատմական իրողության։ Եթե մենք ասենք՝ պատմավեպ գրելով Վարդանանց մասին Դերենիկ Դեմիրճյանը կարողացավ անմիջական Հայրենական պատերազմի լինել-չլինելու հարցը դնել առանցքում և վեպը դարձրեց արդիական, էս իմաստով, մոտավորապես էս համեմատության մեջ, մենք չունենք էն ստեղծագործությունը, որը կարողանար ամբողջ էդ պատերազմական իրողությունը․․․ Սա էլ իր պատճառահետևանքայի կապը ուներ, որովհետև էդ պատերազմը լրիվ ուրիշ իրողություն էր, կյանքում լրիվ ուրիշ իրողություն էր։ Որովհետև զինվորը, որը մարտնչել էր, վերադարձավ, ինքը հայտնվեց լուսանցքում, մշակույթը ընդհանրապես երկրորդվեց, տուր և առի ժամանակները սկսվեցին, և սա, բնականաբար, խաթարեց էն գեղագիտական իդեալը, որը ազգը ուներ, որը պահում էր։ Այդ գեղագիտական իդեալի մարմնացումը չեղավ․․․ հաղթական պատերազմը պիտի նաև հաղթանակ երկեր ծներ։ Մենք չունեցանք էդ հաղթական երկերը», - ասաց Ավանեսյանը։

Բնականաբար, անկախության տարիներին պոեզիան էլ անմասն չի մնացել արցախյան պատերազմին նվիրված երկերից և, ինչպես շեշտում էր Արմեն Ավանեսյանը, ժամանակակից մեր լավագույն բանաստեղծները ևս արցախյան պատերազմին նվիրված հրաշալի պոեզիա ունեն․ - «Խաչիկ Մանուկյանի «Բարձունքը մերն է», Ներսես Աթաբեկյանի «Շուշի» բանաստեղծությունը հիշենք, հիշենք Հրաչյա Թամրազյանի «Պաշարված ամրոց» բանաստեղծությունը։ Ունեցանք նաև իրոք հրաշալի բանաստեղծություններ, բայց որպես էդպիսին, եթե մենք վերցնենք, ասենք, մի հաղթերգ չծնվեց, ինչպես որ վեպն է գեղարվեստական մտածողության մեջ պարբերափուլ դառնում, նույն ձևի պոեզիայում պոեմն է դառնում պարբերափուլ։ Մենք չունեցանք էն պոեմը, որը պիտի էդ ամբողջ պատերազմական հաղթական շունչը հաղորդեր։ Էստեղ էլ թերևս մեր դասականների ականջը կանչի։ Մենք լավ գիտենք, թե Չարենցը, Սևակը, Վահագն Դավթյանը պոեմների նկատմամբ ինչ վերաբերմունք ունեին։ Ընդհանրապես ցավալի է, որ վերջին տարիներին պոեմի ժանրը երկրորդված, անտեսված է կարծես։ Այնինչ շատ կարևոր ժանր է պոեմը, հենց պոեմով ու վեպով պիտի կարողանալ գեղարվեստականացնել 94 թվականի Արցախյան պատերազմը։ Ցավալիորեն պիտի ասեմ, որ նույնիսկ հնարավոր է, որ էսօրվա պարտության պատճառը լինի նա, որ մենք էն հաղթանակը չկարողացանք մշակութաբանորեն արժեվորել»։

Ինչ վերաբերում է վերջին արցախյան պատերազմին իր ողբերգական ավարտով, ապա, ըստ Արմեն Ավանեսյանի, այն ևս անպայման իր արձագանքը կգտնի հայ ժամանակակից գրականության մեջ․ - «Պատերազմը որպես էդպիսին, դեռևս պետք է մարսել, դեռևս պետք է հասկանալ այս պատերազմը, դեռևս պետք է գրողը ինքը կարողանա ընթերցի իրողությունը։ Որովհետև քաղաքական առումով շատ լարված իրավիճակներ են, բևեռների է բաժանվել հանրությունը, քաղաքական վերնախավը․․․ մի խոսքով, ամբողջ ժողովուրդը կարելի է ասել բևեռների է բաժանվել, թացն ու չորը խառնվել են իրար, ճիշտ ու սուտը խառնվել են իրար, պատերազմի հաղթանակ թե պարտությունը ևս խառնվել են իրար․․․ Էնպես որ, էստեղ պիտի որոշակի ժամանակ անցնի, կարծում եմ, որ գրողը կարողանա որոշակիորեն արտացոլի։ Եղան բանաստեղծություններ, ոգևորող բանաստեղծություններ, եղան տագնապ արտահայտող բանաստեղծություններ։ Մեկ-երկու․․․ սրանք վերցնել և ասել գրական փաստ է, չի կարելի։ Առավել ևս, էսօրվա պարտությունը թե ինչ արձագանքներ կունենա․․․ կունենա ողբերգական երանգներ։ Էսօր արդեն Արցախյան հերոսամարտում զոհված զինվորների գրքեր են հրապարակվում։ Բայց սա պատերազմական գրականություն է, կամ պատերազմը արտացոլող գրականություն է։ Մի քիչ խաղաղ ժամանակներ լինի, մի քիչ էլ կարողանա էս պղտորված իրավիճակը հանդարտվի, այսպես ասած՝ ջրհեղեղից հետո ջրերը մի քիչ իջնեն, հետո արդեն աղավնին կարողանա հերթական անգամ ձիթենու ճյուղը իր կտուցով բերել, էդ ժամանակ գրողն էլ արդեն կկարողանա իր որակումը տալ։ Բնականաբար, գրողը կարտահայտի իր կարծիքը, բայց ցավալիորեն՝ ողբերգական ենթաշերտերով։ Իսկ հայ ազգի մոտ ողբը, ողբասացությունը փայլում է ստացվում։ Էնքան դժվար է գրական ստեղծագործական ընթացքը կռահել, որսալ, և սա էլ հենց գրականության հմայքն է։ Բայց կարծում եմ, որ գոնե կառուցողական մոտեցումը․․․ ստեղծագործող մարդը պետք է հանդգնի ինքը առաջինը էդ քայլը կատարել՝ խալխլված պետականությունը վերականգնելու, երկիրը վերակառուցելու։ Մի հանճարեղ բան ասեց մեր Հրանտ Մաթևոսյանը, ասեց՝ էն, ինչ որ տեղի է ունենում մեր կյանքում, դա արդեն գրվել է մեր գրողների կողմից, դա նախապես գրվել է մեր գրողների կողմից։ Ես կարծում եմ, էս պարտությունը ևս գրվել է մեր՝ արդեն չակերտավոր գրողների կողմից։ Այսինքն՝ համարժեք գիրը բերել հասցրել է նրան, որ մենք էսօր պարտված իրականություն ունենք։ Որ մոլախոտը կարողանում է իրեն լավ զգալ, որովհետև պարարտ հող կա հասարակության մեջ, որովհետև լավագույն գրողները անտեսվել են և առաջ են մղվել էն գրողները, որոնք սին, կեղծ, սուտ գաղափարներով են առաջնորդվում․․․ Հույս ունենանք, որ կգա հիմա ժամանակ, որ գրողը կգրի էնպիսի գիր, որ մեր վաղվա ապագան շատ ավելի լավը կլինի»։