Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ

Ռուսաստանի արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։

«Նախարարները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Երկու օր առաջ էլ Լավրովը զրուցել էր Հայաստանի արտգործնախարարի հետ։ Ըստ պաշտոնական Երևանի, Արա Այվազյանն ընդգծել էր Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդների անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը Հայաստանի համար:

Զրույցից հետո՝ երեկ, կողմերը ռուս խաղաղապահների միջնորդությամբ, գերիների հերթական փոխանակումն էին իրականացրել․ Ադրբեջանից Երևան էր տեղափոխվել հինգ հայ զինծառայող, Երևանից էլ մեկ ադրբեջանցի վերադարձվել էր Բաքու։