Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատվիրակությունն այսօր այցելելու է Ադրբեջան։ Նրանք մտադիր են Շուշիում դպրոց կառուցել։
Ազգայնական կուսակցության փոխնախագահ Մևլութ Կարակայան, «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկվար Ահմեդ Յըլդըրըմը և ճարտարապետ Յուսուֆ Գյունայդինը նախ հանդիպումներ են ունենալու Բաքվում, հետո գնալու են Շուշի։
Ազգայնականների կողմից Շուշիում դպրոց կառուցելու մասին այդ կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին առաջին անգամ հայտարարել էր հունվարի 16-ին։ Խորհրդարանում իր կուսակցության անդամների հետ հանդիպմանը նա ցույց էր տվել դպրոցի էսքիզների լուսանկարները։ Նա սոցցանցերում գրել էր, որ եթե երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թույլ տա, Շուշիում ինը դասասենյակներով դպրոց կկառուցեն, որը կարող է կոչվել Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի օրհներգի հեղինակ Ուզեյիր Հաջիբեյովի անունով։ Նրա գրառումից երկու շաբաթ չանցած թուրք ազգայնականների պատվիրակությունն այսօր արդեն Բաքու է այցելում իրենց ծրագրերը տեղում քննարկելու համար։
Ադրբեջանի կառավարությունը պլանավորել է 2021 թվականին 1 միլիարդ 300 միլիոն դոլար հատկացնել իրենց վերահսկողության տակ անցած տարածքների ենթակառուցվածքների վերականգնմանը։ Դրա համար նաև պետական հիմնադրամ է բացվել, որի մասին երկրի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց հունվարի սկզբին։ Հատկացումները պետք է կամավոր կատարվեն, բայց շատ արագ պարզվեց, որ կամավորությունը ըստ էության պարտադիր բնույթ ունի։ Սկզբում պետական հաստատությունների, հետո նաև մասնավոր ընկերությունների աշխատակիցները սոցցանցերում զանգվածաբար բողոքում են, որ «Ղարաբաղի համար» վճարումները կա՛մ պահել են իրենց աշխատավարձից, կա՛մ աշխատավարձը ստանալուց հետո ստիպել են փոխանցումներ կատարել YAŞAT հիմնադրամին։
Նավթագազային արդյունաբերության աշխատակիցների արհմիության ղեկավար Ջահանգիր Ալիևը հայտարարել է, թե արհմիության որոշմամբ "Азерхимия" միավորման աշխատակիցների աշխատավարձի 10 տոկոսը փոխանցվել է այդ հիմնադրամին։ «Մենք չենք կարող յուրաքանչյուր աշխատակցի հարցնել, թե նա որքան կարող է նվիրաբերել։ Որոշ կազմակերպություններ հիմնադրամին են փոխանցել ամսվա ամբողջ աշխատավարձը։ Ով դեմ է, թող ասի, որ ինքն ադրբեջանցի չէ և չի ցանկանում վճարել», - ասել է նա։
Ջահանգիր Ալիևի վերջին արտահայտությունը բուռն արձագանք է գտել սոցցանցերում։ Օգտատերերը, խտրականություն չդնելով բառերի մեջ, պատասխանել են թե՛ արհմիության ղեկավարին, թե՛ մեկնաբանություններ գրել այլ չինովնիկների, նախարարների ու պատգամավորների հասցեին։
YAŞAT հիմնադրամին արեն փոխանցվել է 27 միլիոն մանաթ՝ դա մոտավորապես 16 միլիոն դոլար է։ Ավելի քան 700 հազար դոլար ծախսվել է։ Ըստ հիմնադրամի հրապարակած հաշվետվության՝ ծախսերի մեծ մասը ուղղվել է հրետակոծություններից տուժածների բնակարանային պայմանների բարելավմանը և վիրավորներին բժշկական օգնություն տրամադրելուն։