Անկարայի ծրագրերով Հայաստանը պետք է հրաժարվի ցեղասպանության հարցից և ճանաչի Թուրքիայի սահմանները. Սաֆրաստյան  

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան մտադիր է, որ Հայաստանը հրաժարվի աջակցել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը և ընդունի Թուրքիայի սահմանները, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Ակադեմիկոսի խոսքով, առաջիններից մեկը՝ 1991 թվականի դեկտեմբերի 24-ին ճանաչելով Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիան մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ՝ առաջ քաշելով նշված նախապայմանները, ինչպես նաև պահանջելով Հայաստանից զիջման գնալ արցախյան խնդրում: Ըստ Սաֆրաստյանի, այժմ Անկարայում համարում են, որ ղարաբաղյան հարցը այլևս խոչընդոտ չէ։

«Ես համոզված եմ, որ Թուրքիան Հայաստանի վրա ճնշումը կուժեղացնի, մի որոշ ժամանակ հետո այս զորավարժությունները, դրանից որոշ ժամանակ հետո կտեսնենք Թուրքիայի կողմից քայլեր՝ ինչպես են զորավարժությունները ճնշման համար օգտագործվում, որոնք կնշանակեն Հայաստանի վրա ճնշման ուժեղացում: Այսինքն Թուրքիան կցանկանա, օգտվելով Հայաստանի պարտության հանգամանքից, կորզել այն զիջումները, որը ինքը ակնկալում է արդեն տասնամյակներ Հայաստանից», - նշեց թուրքագետը:

«Ազատության» դիտարկմանը՝ ցեղասպանության հարց, սահմանների ճանաչում և ղարաբաղյան խնդիր, Ռուբեն Սաֆրաստյանն արձագանքեց. «Այո: Դե ղարաբաղյան խնդիրը հիմա նրանք համարում են, որ լուծել են, իհարկե, դա այդպես չէ»:

Մի քանի օրից՝ փետրվարի 1-ին Հայաստանի արևմտյան սահմանների մոտ՝ Կարսի նահանգում մեկնարկելու են թուրք-ադրբեջանական համատեղ, մոտ երկու շաբաթ տևողությամբ զորավարժությունները, որոնց ընթացքում փորձարկվելու են հարձակողական գործողություններ և թուրքական արտադրության սպառազինություն։

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերի իր էջում զորավարժությունների նախօրեին, հունվարի 26-ին՝ Օսմանյան կայսրության գեներալ Քյազըմ Կարաբեքիրի մահվան օրը, հրապարակեց նրա լուսանկարը։ 1920 թվականի աշնանը Կարաբեքիրը Հայաստանի Հանրապետության դեմ արշավող թուրքական բանակի հրամանատարն էր, ինչի հետևանքով էլ, ի վերջո, կործանվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, այս փետրվարի 1-12-ը Կարսի նահանգում կայանալիք զորավարժությունները նախապես ծրագրված էին, ինչպես յուրաքանչյուր տարի երկու անգամ անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները։

«Բայց այս տարվա զորավարժությունները, եթե դատենք մամուլի հաղորդագրություններից, ունեն երկու առանձնահատկություն, իմ կարծիքով: Առաջինն այն է, որ զորավարժությունների ուղղվածությունը հարձակողական է, այսինքն մասնակցում են այնպիսի ստորաբաժանումներ, որոնք նախատեսված են հարձակողական պատերազմ մղելու համար. հատուկ նշանակության, դեսանտային, տանկային ստորաբաժանումներ: Երկրորդը՝ այս տարվա զորավարժություններն ուղեկցվում են բավական լայնածավալ քարոզչական գործողություններով: Ես կարծում եմ՝ դա պատահական չէ, նպատակ ունեն այդպիսով, ես համոզված եմ՝ թուրքական գլխավոր շտաբի մասնագետներն են դրա հետևում կանգնած, ուժեղացնել ճնշումը Հայաստանի բնակչության վրա, այս պարտությունից հետո լարվածությունն ուժեղացնել Հայաստանում», - նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ թուրքական զինուժի անարգել գործելը Հարավային Կովկասում՝ Հայաստանի դեմ, առանց Ռուսաստանի հակազդեցության, ողջ պատերազմի ընթացքում և հատկապես դրանից հետո ռուս-թուրքական հայտնի բանակցությունները, պայմանավորվածությունները, որոնք ի վերջո հանգեցրեցին Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծմանը, շատ վերլուծաբանների համար բավարար հիմք դարձան պնդելու, որ ի դեմս Պուտին-Էրդողան պայմանավորվածության գործ ունենք մի նոր Լենին-Աթաթուրք գործարքի հետ՝ ընդդեմ Հայաստանի։

«Ինչո՞ւ Կրեմլը թույլատրեց Անկարայի նման քայլը և ցանկացավ, որպեսզի Ադրբեջանը գրավի Լեռնային Ղարաբաղի շրջանները», - դիմեցինք Սաֆրաստյանին։

«Ժամանակակից Ռուսաստանը ոչ Ցարական Ռուսաստան է, ոչ էլ Սովետական Միություն է, ինքը հնարավորություն չունի, ռեսուրսներ չունի այնպիսի կոշտ քաղաքականություն վարել, ինչպես այդ պետություններն էին վարում Թուրքիայի նկատմամբ և դրա համար ստիպված է որոշ դեպքերում որոշ զիջումների գնալ Թուրքիային: Ինչո՞ւ, որովհետև օրինակ՝ Սիրիայում Ռուսաստանը կախված է Թուրքիայից», - պատասխանեց Ռուբեն Սաֆրաստյանը: