Բանակն ընկճվելու իրավունք չունի. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև, Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ իր ուղերձում ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։
«Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ», - իր ուղերձում ասել է Գասպարյանն՝ ընդգծելով՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:
Այս անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, նշել է Գասպարյանը՝ շարունակելով՝ «բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գործում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին»։
Նշելով, որ այսօր հաճախ քննադատության են արժանանում, ՀՀ ԶՈւ ԳԾ պետն ընդգծել է՝ բայց չպե΄տք է վհատվել․ - «Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը... Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը։ Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար»:
Այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցության կարիք ունի, նշել է Գասպարյանը՝ վստահություն հայտնելով, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու:
«Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը: Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու», - ասել է ՀՀ ԶՈւ ԳԾ պետը՝ շարունակելով․ - «Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոստանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար: Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին:
Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ:
Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»: