Պետդուման երկարաձգեց 2010-ին կնքված ռուս-ամերիկյան միջուկային համաձայնագրի գործողության ժամկետը

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման, Միացյալ Նահանգների հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է ևս հինգ տարով։

2010 թվականին այս համաձայնագիրը ստորագրել էին այն ժամանակ երկրները ղեկավարող Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը։ Պայմանագրի համաձայն Մոսկվան և Վաշինգտոնը պարտավորվում էին զգալիորեն կրճատել միջուկային զինանոցը՝ մարտագլխիկների թիվը հասցնելով 1550-ի, իսկ դրանք կրող միջմայրցամաքային հրթիռների թիվը՝ 800-ի։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, սակայն, հայտարարում էր պայմանագրից դուրս գալու և այն եռակողմ՝ ամերիկա-չինա-ռուսական համաձայնագրով փոխարինելու մտադրության մասին։ Թրամփի վարչակազմը նաև պահանջում էր, որպեսզի Ռուսաստանը սահմանափակի նաև մարտավարական միջուկային մարտագլխիկների քանակը, ինչին Ռուսաստանը կտրականապես ընդդիմանում էր։

Վերջին տարիներին պաշտոնական Մոսկվան շարունակաբար հայտարարել է, որ 2010-ին կնքված համաձայնագրի տեքստը պետք է անփոփոխ մնա։