Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ըստ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության՝ Միրզոյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման, թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով:
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք և վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը:
Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաև, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների խորհրդարանների՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: