Էմոմալի Ռահմոնի պնդմամբ` Տաջիկստանում այլևս կորոնավիրուս չկա

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը այսօր հայտարարել է, թե իր երկիրը ձերբազատվել է կորոնավիրուսից։ Նրա հավաստմամբ՝ հունվարի 1-ից COVID-19-ի վիրուսի ոչ մի դեպք Տաջիկստանում չի արձանագրվել։

Այս մասին Ռահմոնը ասել է խորհրդարանին հղած ուղերձում, միաժամանակ նշելով, որ անվտանգության միջոցառումները դեռ անհրաժեշտ են՝ պետք է դիմակ կրել ու սոցիալական հեռավորություն պահպանել։

Ըստ պաշտոնական տվյալների, համավարակի ամբողջ ընթացքում Տաջիկստանում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար 300 մարդ, հիվանդությունից 90 մարդ է մահացել։ Սակայն լրագրողական հետաքննությունները կասկածի տակ են դնում այս թվերը, համարելով, որ դրանք մի քանի անգամ նվազեցված են։

Կենտրոնական Ասիայի ավտորիտար մեկ այլ երկիր՝ Թուրքմենստանը, մշտապես պնդել է, որ իրենց մոտ կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել, չնայած թոքաբորբի հետևանքով մահվան դեպքերի աճին։