ԱԻ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են գերիների վերադարձի, անհայտ կորածների որոնումների ակտիվացման հարցեր

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության, քննարկվող թեմաների առանցքում եղել է գերիների վերադարձի, զոհված և անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը:

Նշենք, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի և նրանց հնարավոր վերադարձի ժամկետների մասին հստակ տեղեկություններ չկան։ Գերիների վերադարձի հարցն ամրագրված է նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ։ Դեկտեմբերի սկզբին հայտարարվեց գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» քաղաքական պայմանավորվածության մասին, սակայն մինչ օրս դեռ անորոշ է Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագիրը, որոնց թիվը, հայկական կողմի տվյալներով, 200-ից ավելի է:

Հայաստանում համոզված են՝ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները: