«Թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է», - այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ Արցախի նորաստեղծ ներքին գործերի նախարարություն այցելության ժամանակ, որտեղ նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին:
Անդրադառնալով հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ ԼՂ նախագահը շեշտել է, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու: