Եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով, ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ, հայտարարում է Թաթոյանը

Ներկայում սահմանների որոշման հարցերը Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Կապան խոշորացված ու այլ համայնքների սահմանային բնակիչների իրավունքների համար ունեն հիմնարար նշանակություն թե՛ նրանց կյանքի իրավունքի ու անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից, հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով՝ դրանք կարևոր են ոչ միայն գյուղացիների կողմից իրենց առօրյա ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական իրավունքների տեսանկյունից:

«Արխիվային փաստաթղթերն ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. առավել ևս պետք է հաշվի առնել, որ հիմա Հայաստանի խաղաղ բնակավայրերում, խաղաղ բնակիչների անմիջական [բառացիորեն մետրերի] հարևանությամբ ադրբեջանական զինվորականներ են, զինված մարդիկ», - հայտարարել է Թաթոյանը:

Պետք է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ Հայաստանի Հանրապետության բնակիչների որևէ իրավունքի խախտում՝ նշել է Պաշտպանը։

Թաթոյանն իր այս հայտարարությունում նաև արխիվային փաստեր է վկայակոչում։