«Եթե մի քանի քաղաքացի իր զայրույթն արտահայտելու համար ձվերով խփել է, ասում եմ` ճիշտ են արել», նշում է Սաղաթելյանը

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հրաժարվելու համաժողովրդական պահանջ կա, միաժամանակ շեշտում` շարժումն այս ժամանակահատվածում չի կարողացել այդ համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի: Ըստ այդմ, ինչպես «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում նշեց Սաղաթելյանը, ընդդիմադիր քաղաքական ուժերը նոր մարտավարության խնդիր ունեն:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Ոչ մեկից ոչ գողացել եմ, ոչ թալանել եմ, զբաղվել եմ բիզնեսով»

«Ես երբևէ պետական բարձրաստիճան պաշտոնյա չեմ եղել, բացառությամբ իշխանափոխությունից հետո այդ ամիսը, կուսակցության մեջ ղեկավար դիրք չեմ ունեցել, իմ ընտանիքը և ես մշտապես զբաղվել ենք բիզնեսով», - ասում է Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով հարցին, թե որտեղից է կուտակել իր ունեցվածքը:

«15 տարի գիշեր-ցերեկ աշխատել եմ, ոչ մեկից ոչ գողացել եմ, ոչ թալանել եմ, ոչ էլ կապ եմ ունեցել, իմ գիտելիքների, իմ ունակությունների հաշվին զբաղվել եմ բիզնեսով, աշխատել եմ, անշուշտ չափացանցություն է այն ամեն ինչը, ինչ որ խոսվում է: Հիմա ևս զբաղվում եմ, և քանի դեռ օրենքը չի արգելում, ես զբաղվելու եմ գործարարությամբ, քանի որ դա իմ ընտանիքը պահելու միջոցն է», - հավելեց նա: Վերջինիս խոսքով` այսօր իշխանության մեջ եղած մարդիկ մինչև նախարար, պատգամավոր կամ մարզպետ դառնալը որևէ օգտակար գործ չեն արել, որևէ բարիք չեն ստեղծել, և այսօր հակաքարոզչություն կա այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս երկրում աշխատել են, ապրել են. «Պետք է բոլորը հասկանան, որ այն մարդիկ, ովքեր իրենց լվացքի մեքենան կամ հեռուստացույցը ապառիկ չեն գնում, պարտադիր չի, որ իրենք գող են կամ թալանչի»:

Ինչ վերաբերում է Ծովասար համալիրին, ապա ՀՅԴ անդամն ասաց. «Հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին, հարյուր տոկոս բաժնետերն իմ հայրն է, ընկերությունը ստեղծվել է 11 տարի առաջ»:

Ընդդիմությունը նոր արդյունավետ մարտավարությունն է քննարկում

Օգտատերերից մեկը հարցրել է` շարունակելո՞ւ եք նույն ոճով, թե՞ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու մարտավարություն եք մտածել, և «Դաշնակցությունն» արտահերթ խորհրդարանական ընտրության կգնա Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ:

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական պահանջն է, բայց մենք այս ժամանակահատվածում չենք կարողացել այդ համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի, անշուշտ նոր մարտավարության խնդիր ունենք և ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակեչպելու իմաստով:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրություններին, նախ այն մանիպուլյացիան, որ ընդդիմությունը չի ուզում ընտրություններ, դա կեղծ է, ընդդիմության առաջին պահանջներից մեկը եղել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և այո, մենք գտնում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պետք է ձևավորի ժողովուրդը, խնդիրն ուրիշ տեղ է` մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ ընտրությունները լինելու են ամենախայտառակը Հայաստանի պատմության մեջ», - պատասխանեց ընդդիմադիր գործիչը:

Ըստ Սաղաթելյանի` իրենք այս պահին մասնակցության հարց չէ, որ քննարկում են, այլ այս «չարիքի կառավարությունն իշխանությունից հեռացնելու» հարցը:

Նիկոլ Փաշինյանը կառչել է իր աթոռից. Սաղաթելյան

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, նշանակում է` երկիրը ևս 4-5 ամիս մնալու է անիշխանության մեջ, կարծում է բանախոսը: Նա հիշեցրեց` իրենք առաջարկել են անցումային շրջանի թեկնածու, ով հաջորդ ընտրություններին արդեն չի մասնակցելու: Իսկ Փաշինյանը, Սաղաթելյանի խոսքով, «կառչել է իր աթոռից». «Հիմա ինքը պետք է կեղծի, վերարտադրվի, որպեսզի չդատվի, որովհետև իր համար ակնհայտ է, որ երբ Հայաստանում լինի նոր իշխանություն, արդար դատաքննություն է կազմակերպելու այս պետական դավաճանության մեղադրանքով, հետևաբար ինքը, վերարտադրվելու իր վախերից ելնելով, ամեն ինչ անելու է այս ընտրությունները կեղծելու համար»:

Շարժումը չի փոխում վարչապետի իր թեկնածուին

Հարցին, թե հաստատո՞ւմ է, որ շարժումը կառավարվում է Հայաստանի նախկին նախագահների` Քոչարյանի-Սարգսյանի կողմից, և որ ժողովուրդը դա տեսնելով չմիացավ շարժմանը Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Շարժումը չի ղեկավարվում անձերի կողմից, տվյալ դեպքում նախկին նախագահների, «Հանրապետական» կուսակցությունը, օրինակ, շարժման որոշումների մեջ ունի մեկ ձայն, ոնց որ մյուս կուսակցությունները»:

Մեկ այլ հարցին ի պատասխան նա ասաց, որ չեն պատրաստվում փոխել վարչապետի իրենց թեկնածուին, որովհետև «Վազգեն Մանուկյանը ճիշտ թեկնածու է»:

«Եթե մի քանի քաղաքացի իրենց զայրույթն արտահայտելու համար ձվերով խփել են, ես ասում եմ` ճիշտ են արել»

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` «զղջո՞ւմ է անձամբ իր ու իր գործընկերների բառամթերքի ու վարքագծի համար` ձու շպրտել պատմամշակութային շենքի վրա, մարդ ծեծել, ողբի օրերին երաժշտություն քոքել հրապարակում, սպանելու կոչեր անել, անպատվել մարդկանց, և թեկնածուի բառամթերքն ընդունելի՞ է»:

«Սպանության կոչեր, վրեժխնդրության արեց Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե մենք, ու արել է ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ, կոնկրետ իր հարբած լայվերից մեկի ժամանակ, երբ որ ասում էր` սահմանից հրավիրում եմ զինվորներին վրեժ լուծելու, ժողովրդի վրեժ լուծելու ժամանակն է: Էտ ինքն է արել, մենք նման հայտարարություն չենք արել», - պատասխանեց Սաղաթելյանն ու հիշեցրեց, որ եռակողմ հայտարարության ստորագրման` նոյեմբերի 10-ի գիշերը իրենք հանդիպել են Գերագույն շտաբի պետի հետ ու կայունության կոչ են արել. «Ինչ վերաբերում է պատմամշակութային շենքին ձվերով հարվածելուն, նայեք` այս մարդու գործունեության արդյունքում մենք կորցրել ենք Արցախի 70 տոկոսը, տվել ենք 5000-ից ավելի զոհեր, մեր պետությունն այս պահին գտնվում է, ըստ էության, անդունդի եզրին: Հիմա եթե մի քանի քաղաքացի իրենց զայրույթն արտահայտելու համար ձվերով խփել են, ես ասում եմ` ճիշտ են արել ու դեռ քիչ են արել, որովհետև այս կառավարությունը մեր պետությանը իր քայլերի ու գործողությունների արդյունքում բերել, հասցրել է անդունդի եզրին: Հիմա եթե ինչ-որ քաղաքացիներ պատմամշակութային շենքին խփել են ձևով, էտ քանի՞ պատմամշակութային շենք է այս կառավարության գործունեության արդյունքում մնացել թշնամուն»:

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի` Գյումրիի ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» անվանելուն, ապա ՀՅԴ ԳՄ անդամն ասաց. «Ինչպե՞ս վերաբերվել այն քաղաքացիներին, ովքեր խաղում են գերիների, զինվորների, շատ զգացմունքային հարցերի են մոտենում, մեր այս պայքարն ուղղված է նաև այդ քաղաքացիների փրկության համար, և եթե ամեն մարզում Նիկոլ Փաշինյանն ունի մի խումբ, որ պարբերաբար ճանապարհ կփակեն, ցույց կտան, որ ունեն աջակիցներ, նորմալ է, մենք կփորձենք սադրանքների չտրվել»:

«Մեր պետության, ժողովրդի տեսլականը պետք է լինի մեր կորցրածը հետ բերելը»

Մեկ այլ հարց էր հնչել, թե հետ կբերե՞ն այն տարածքները, որոնք կորցրել ենք պատերազմի արդյունքում, եթե գա իշխանության «Հայրենիքի փրկության շարժումը»:

«ՀՀ ապագայում ձևավորված ցանկացած քաղաքականություն այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի, բայց չտանի երկիրը նոր արկածախնդրության ու կռվի: Մեր պետությունը հզորացնելով, մեր բանակը, մեր տնտեսությունը հզորացնելով: Այո, մենք չպետք է մոռանանք այդ մեր տարածքների մասին, և այո մեր պետության, ժողովրդի տեսլականը պետք է լինի մեր կորցրածը հետ բերելը: Եթե մենք վաղը գանք իշխանության, չի նշանակում, որ պատերազմ ենք հայտարարելու, այդ տարածքները բերելու ենք, հզորացնելու ենք մեր պետությունը, մեր բանակը, մեր տնտեսությունը: Նաև աշխարհաքաղաքական տարբեր դասավորությունների պայմաններում, նաև երբ որ այդ առիթը լինի, մենք պետք է պատրաստ լինենք, ինչի մասին է խոսքը», - շեշտեց Սաղաթելյանը:

Ինչպե՞ս եք հետ բերելու հարցին, նա արձագանքեց. «Երբ որ հասկանանք` ի վիճակի ենք հետ բերել, գնանք, հետ բերենք...եթե պետք է նաև կռվի, բա ի՞նչ, այսինքն` հանձնե՞նք ու վերջացնե՞նք: Դա վաղը մյուս օրվա կամ հետոյի մասին խոսք չի, դա լինելու է այն ժամանակ, երբ որ մեր պետությունը, բանակը և ժողովուրդ պատրաստ լինեն»:

Ամբողջությամբ դիտեք տեսանյութում.