Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ։

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով», - իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Մարուքյանը։

Նշենք, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի և նրանց հնարավոր վերադարձի ժամկետների մասին հստակ տեղեկություններ չկան։ Գերիների վերադարձի հարցն ամրագրված է նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ։ Դեկտեմբերի սկզբին հայտարարվեց գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» քաղաքական պայմանավորվածության մասին, սակայն մինչ օրս դեռ անորոշ է Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագիրը, որոնց թիվը, հայկական կողմի տվյալներով, 200-ից ավելի է:

Հայաստանում համոզված են՝ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները: