Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի շուրջ հարցեր

Վրաստանի Կախեթի շրջանում երեկ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցները քննարկում են ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։

Նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ:

Նրանք նաև անդրադարել են ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն:

Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին, ըստ հաղորդագրություն, անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշել են, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար: